ԼՂ բնակչության հանդեպ ադրբեջանական ագրեսիան կանխելու գործում բավարար քայլեր չեն արվել մեր կողմից. Ռոթը՝ Ալեն Սիմոնյանին
14:00 - 23 հոկտեմբերի, 2023

ԼՂ բնակչության հանդեպ ադրբեջանական ագրեսիան կանխելու գործում բավարար քայլեր չեն արվել մեր կողմից. Ռոթը՝ Ալեն Սիմոնյանին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 23-ին ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
 
Գործընկերները կարևորել են երկկողմ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումը և միջխորհրդարանական համագործակցության խորացումը:
 
Հանդիպմանն անդրադարձ է եղել Բաքվի էթնիկ զտման քաղաքականության հետևանքով
Լեռնային Ղարաբաղի հայաթափմանը և առաջացած խնդիրներին: Գերմանացի խորհրդարանականը նկատել է, որ ԼՂ բնակչության հանդեպ ադրբեջանական ագրեսիան կանխելու գործում բավարար քայլեր չեն արվել իրենց կողմից:
 
Ալեն Սիմոնյանը ՀՀ Ազգային ժողովի և իր անունից շնորհակալություն է հայտնել սեպտեմբերի 21-ին Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած պատերազմի վերաբերյալ սկզբունքային և հասցեական ելույթի համար:
 
Կողմերը քննարկել են Ադրբեջանի դեմ հնարավոր պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտությունը: ՀՀ ԱԺ նախագահը վերահաստատել է, որ Հայաստանը որդեգրել է խաղաղության օրակարգ և առաջարկում է տարածաշրջանային խաղաղության ճանապարհային քարտեզ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել