«Խիղճս չտվեց՝ իրենց մենակ թողնեմ». 25 հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց Արցախից Հայաստան տեղափոխած բուժքույրը
19:36 - 26 հոկտեմբերի, 2023

«Խիղճս չտվեց՝ իրենց մենակ թողնեմ». 25 հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց Արցախից Հայաստան տեղափոխած բուժքույրը

Բուժքույր Նուբար Աթայանը Արցախի հոգեկան առողջության կենտրոնում ստացիոնար բուժում ստացող 25 անձանց Ստեփանակերտից ավտոբուսով միայնակ տեղափոխել է Գորիս։ 

Ադրբեջանական հարձակման երրորդ օրը՝ սեպտեմբերի 21-ին, Նուբարի (բուժառուները նրան Նունե են անվանում) հերթապահության օրն է եղել. «Այդ օրը թուրքերը նորից սկսեցին կրակել Կրկժանից, ձայները լսվում էին հիվանդանոցում։ Հիվանդները, իրենց մահճակալներից բռնված, վախենում էին ու դողում։ Ճաշի ժամանակ կանչում էի, որ գան ճաշը ուտեն, մի կերպ էինք բերում ճաշարան, չէին ուզում։ Ժամը չորսի կողմերը մի քիչ խախանդվեց․․.»,- պատմում է տիկին Նունեն։  

Արցախում հոգեկան առողջության մեկ կենտրոն էր գործում՝ Ստեփանակերտի հոգեթմրաբանական դիսպանսերը, որտեղ հարձակման պահին բուժվում էին 31 անձ։ Ըստ բուժքրոջ՝ կենտրոնի բուժառուներից ոչ բոլորն ունեին հոգեկան առողջության ծանր խնդիրներ. նրանցից ոմանք ընկալում էին իրավիճակը, հետևում նորություններին, հարցուփորձ անում ռազմական գործողությունների մասին։ 

Սեպտեմբերի 25-ին տիկին Նունեն կրկին գնացել է հերթապահության ու գլխավոր բժշկից իմացել, որ այդ օրը գուցե հնարավոր լինի բուժառուների համար ավտոբուս գտնել և տեղափախել Հայաստան․ «2020 թվականի հոկտեմբերի 4-ին էլի իմ հերթապահության օրն էր, որ հիվանդներին տեղափոխեցինք Սևանի հոգեբուժարան։ Էս անգամ էլ էլի նույն հիվանդներն էին, որ մեկ անգամ արդեն անցել էին էդ ամենի միջով։ Երևի ճակատիս գրված ա․․․»։ 

Բուժառուների տեղափոխումը, սակայն, հետաձգվել է, որովհետև այդ օրը պայթել է Ստեփանակերտի վառելիքի պահեստը, հարյուրավոր մարդիկ են զոհվել և վիրավորվել։ Պատկան մարմինների ողջ ուշադրությունը կենտրոնացած է եղել նոր աղետի հետևանքները կառավարելու վրա։

Այդ ընթացքում հոգեկան առողջության կենտրոնի տնօրենն ու բուժաշխատողները տարբեր պատճառներով լքել էին հաստատությունը, և այնտեղ մնացել էին տիկին Նունեն, 72-ամյա սանիտարը և 31 բուժառուները։ 

Նուբար Աթայանը

«Սանիտարի սիրտը վիրահատած էր, դեղերը չէր բերել, արդեն զգացի, որ լավ չի, հիվանդներին ասեցի՝ տեսնո՞ւմ եք, որ լավ չի զգում, դուք պիտի ինձ օգնեք, որ էստեղի գործը անենք»,- հիշում է տիկին Նունեն և ավելացնում, որ բուժառուներն օգնում էին իրեն մաքրել հաստատությունը, ուտելիք պատրաստել, մեկը մյուսի նկատմամբ հոգ տանել։  Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 26-ին, տիկին Նունեն սանիտարին խնդրել է տուն գնալ, իսկ ինքը բուժառուների հետ մնացել է մենակ։ Հետո սկսել է կապ հաստատել բուժառուների հարազատների հետ, խնդրել, որ ով հնարավորության ունի, իր հարազատին տանի հաստատությունից։ 6 բուժառուներ Արցախից դուրս են եկել հարազատների ուղեկցությամբ, իսկ հիվանդանոցում մնացած 25-ին Հայաստան պետք է ուղեկցեր տիկին Նունեն։ 

«Շատ անհանգիստ վիճակում գտնվող հիվանդ ունեինք, թույլ, փորլուծությամբ հիվանդներ․․․ Էդ կարգավիճակում ամսի 25-ի առավոտյան հերթապահությունս ընդունել եմ, ու մինչև սեպտեմբերի 27-ի ժամը հինգը խիղճս թույլ չտվեց, որ իրենց մենակ թողնեմ։ Մնացի մոտները։ Ասում էի, որ ինձ ջղայնացնեք, կթողնեմ, դուրս կգամ, գալիս էին, գրկում՝ չէ՜, մնա մոտներս, հույս տուր մեզ, մնա մոտներս։ Մնացի, ի՞նչ անեմ, մնացի իրենց կողքին»,- պատմում է բուժքույրը։

Սեպտեմբերի 27-ի առավոտյան հաստատության գլխավոր բժիշկը զանգել է տիկին Նունեին ու ասել, որ պատրաստվեն, կես ժամից մեքենա կգա իրենց հետևից։ Տիկին Նունեն երեք կաթսա ճաշ է պատրասել ու հավաքել դեղերը, բուժառուների վերաբերյալ բժշկական փաստաթղթերը, հագուստ ու անհրաժեշտ պարագաներ։ 

«Ավտոն եկավ, շոֆերը որ տեսավ ինձ, ասեց՝ դու մենակո՞վ պիտի գաս էսքան հիվանդի հետ։ Ասեցի՝ հա, ինքն էլ, թե՝ չէ, մեղկ ես, դու էլ ես մեղկ, ես էլ եմ մեղկ, դժվար կլինի մեզ համար»,- պատմում է տիկին Նունեն։ 

Վարորդը նրան խորհուրդ է տվել գնալ Հանրապետական հիվանդանոց, խնդրել, որ ավտոբուսն ուղեկցող շտապօգնության մեքենաներ տրամադրեն, որ հնարավորինս արագ հասնեն Գորիս։ Հանրապետական հիվանդանոցում, սակայն, տիկին Նունեին ասել են, որ շտապօգնության մեքենաները հաջորդ օրն են ուղևորվելու Գորիս, իսկ մեկ օր ավել սպասել հնարավոր չէր։ 

Հիվանդանոցում տիկին Նունեին է մոտեցել նաև Արցախի առողջապահության նախարարը. «Մեր նախարարը մոտեցավ, ներկայացա, ասեց՝ մենք էլ ուզում էինք տեսնել՝ բա դուք որտեղ եք, ինչ եք արել, ինչ չեք արել, ես էլ ասում եմ՝ էս հոգեբուժարանում բա ոնց են արել, ինչ են արել, լավ ա, որ եկել հասել ես»։

Այրվածքներ ստացած քաղաքացիներին տեղափոխելու համար ժամանած ուղղաթիռների վայրէջքի հետևանքով հոգեկան առողջության կենտրոնի ապակիներն ու հայելիները կոտրվել էին, ու բուժառուների այնտեղ մնալն արդեն վտանգավոր էր։ 

«Ահավոր վիճակում նայեցի կողքերս, տեսա՝ Կարմիր խաչի աշխատողները էնտեղ կանգնած են։ Վազելով հասա նրանց մոտ, չոքեցի, խնդրեցի, աղաչեցի մեզ օգնել։ Կարմիր խաչի աշխատողը գրկեց, բարձրացրեց, քանի անգամ գլխուս պաչում ա, ասում ա՝ վայ, ինչի ես էդպես բան անում, քեզ անպայման կօգնենք»,- պատմում է տիկին Նունեն։ 

Կարմիր խաչի աշխատակիցները խնդրել են բուժառուների ցանկը, այնուհետև կապ հաստատել Ադրբեջանի գործընկերների հետ ու համաձայնեցրել բուժառուների տեղափոխումը՝ Կարմիր խաչի ուղեկցությամբ։ 

«25 հիվանդ էր, մարդ կար, որ պիտի պառկեր։ Ավտոբուսում տեղը քիչ էր, մտածեցի՝ դոշակ դնեմ գետնին, որ մի քանիսը նստեն, բայց չէ, էն լավ վիճակում գտնվող հիվանդները հերթափոխով կանգնեցին, երեք ժամում եկանք հասանք Գորիս»,- պատմում է բուժքույրը։

Տիկին Նունեն հիշում է, որ բուժառուներին խնդրել էր լսել իրեն, չխանգարել, փոխարենը խոստացել էր, որ Հայաստան հասնելուն պես ինչ ցանկանան, կգնի․ «Հարցնում էին՝ բա որ հասնենք Գորիս, մեզ համար ի՞նչ ես առնելու։ Բլոկադայի ժամանակ շատ բաներ չկային։ Տղամարդիկ ծխախոտ էին շատ ուզում, հիվանդ կա՝ խնդրել էր մառոժնի առնեմ իր համար։ Որ հասանք, երկու հոգու 2000-ական դրամ տվեցի, ասեցի՝ հենց տեղ հասնեք, կառնեք ձեր ուզածը»։ 

Գորիսի հիվանդանոցից  շտապօգնության 6 մեքենաներով բուժառուներին տեղափոխել են Ավանի, Նուբարաշենի ու Սևանի հոգեկան առողջության կենտրոններ։ 

Գորիսում տիկին Նունեն հրաժեշտ է տվել բուժառուներին, բայց նրանց հետ շարունակում է կապ պահել։ Բուժառուներից մի քանիսն ամեն օր զանգում են, պատմում՝ ինչպես է անցնում իրենց օրը, ու անպայման հարցնում, թե երբ է այցելելու իրենց։ 

Զրույցի ընթացքում տիկին Նունեին առաջարկեցի միասին այցելել Ավանի հոգեկան առողջության կենտրոն՝ այնտեղ գտնվող բուժառուներին տեսության։ Այդ մտքից նրա դեմքին ոգևորություն հայտնվեց։ Օրեր անց տիկին Նունեի հետ ուղևորվեցինք դեպի Ավանի հոգեկան առողջության կենտրոն։ 

Տիկին Նունեն խնդրեց առանձին զրուցել բուժառուներից մի քանիսի հետ, իսկ մյուսներից հետաքրքրվում էր, թե հարմարվել են արդյոք նոր պայմաններին, ինչպես են իրենց զգում։ 

Ավանի հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն Արա Երեմյանը տեղեկացրեց, որ Արցախից իրենց մոտ տեղափոխված բուժառուների մեծ մասն առանց անձը հաստատող փաստաթղթի է բերվել։ Տիկին Նունեն նրանց փաստաթղթերին հասանելիություն չի ունեցել։ Նրանք կենտրոնում կմնան այնքան ժամանակ, մինչև հստակեցվի ախտորոշումը, հիվանդության ծանրությունը և բուժման վարման հետագա ընթացքը։ Ավելի ուշ՝ նրանցից որոշները գուցե տեղափոխվեն այլ հոգեկան առողջության կենտրոններ, որոշներն էլ ուղղորդվեն ամբուլատոր բուժման։ 

Ստեփանակերտի հոգեթմրաբանական դիսպանսերում հաշվառված է եղել 2000-ից ավելի բուժառու՝ հոգեկան առողջության և ալկոհոլային կախվածության խնդիրներով։ Նրանցից մոտ 40-ը ստանում էին ստացիոնար բուժում։ ՀՀ Առողջապահության նախարարությունից ստացած տվյալների համաձայն՝ իրենց ենթակայության հոգեկան  առողջության կենտրոններ Ստեփանակերտի հոգեթմրաբանական դիսպանսերից տեղափոխվել է 25 բուժառու, որից 8-ը՝ կին, 17-ը՝ տղամարդ։ Նրանք 25-80 տարեկան են։ 

Նախարարությունից հայտնում են նաև, որ հոկտեմբերի 13-ի դրությամբ ՀՀ հոգեկան առողջության կենտրոններում հաշվառվել և բժշկական սպասարկում են ստանում Արցախից բռնի տեղահանված 69 բուժառու։ Նրանցից 27-ը բուժվում է Ավանի, 24-ը՝ Սևանի հոգեկան առողջության կենտրոններում, իսկ 18-ը՝ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում:

Նուբար Աթայանը Ավանի հոգեկան առողջության կենտրոնում

 

Որտեղ է ապրում տիկին Նունեն հիմա

Նուբար Աթայանը ծնվել է Շուշիում, արցախյան առաջին պատերազմի ժամանակ կորցրել են տունն ու տեղափովել Ստեփանակերտ, նոր կյանք սկսել։ 90-ականներին՝ Շուշիի ազատագրումից հետո, վերադարձել են իրենց տուն և վերականգնել այն։ Երբ տիկին Նունեն ամուսնացել է, տեղափոխվել է Մարտակերտ, ապա՝ Ստեփանակերտ։ Հոգեթմրաբանական դիսպանսերում նա աշխատել է շուրջ 27 տարի։ 2003 թվականին՝ ամուսնու մահից հետո, միայնակ մեծացրել է դստրերին, խնամել ամուսնու ծնողներին։ 

2023-ի սեպտեմբերին՝ Հայաստան տեղափոխվելուց հետո, նա պահում է կապը հարևանների հետ, հաճախ են զրուցում, հիշում շրջափակման օրերը, երբ չնայած դժվարություններին՝ մարդիկ ջերմ ու հոգատար էին միմյանց հանդեպ. «Մեկ-մեկ հարևանները զանգում են, ասում են՝ էնքան կուզեինք, որ էն մթնում լինեինք, հացի հերթում լինեինք, բայց մեր տանը լինեինք, շատ ենք կարոտում…»։

Գորիսից բուժառուներին ճանապարհելուց հետո տիկին Նունեն այցելել է Սիսիանում ապրող դստերն ու թոռներին, հետո փոքր աղջկա և քրոջ տղայի ընտանիքի հետ տեղափոխվել Մասիս քաղաք։ Վարձել են 2 սենյականոց բնակարան, ամսական վարձը՝ 200 հազար դրամ։ Նախապես ստիպված են եղել վճարել 600 հազար դրամ կանխավճար։ Այդ տանը տիկին Նունեն ապրում է դստեր, մոր, քրոջ տղայի, նրա կնոջ ու չորս անչափահաս երեխաների հետ։ Նրա քույրն ապրում է Ռուսաստանում, հարցրի՝ ուզու՞մ են մնալ Հայաստանում. «Եթե տունը ճարենք, գործ ճարենք, պիտի մնանք, բա ինչ պիտի անենք, պիտի մնանք»,- պատասխանեց նա։ 

Տեղահանության օրերին Արցախից կարողացրել են վերցնել միայն հագուստ, ամուսնու և քրոջ զոհված որդու լուսանկարները։ 

Տիկին Նունեն շատ է կարոտում իր տունը, բայց ավելի շատ տխրում է, որ ամուսնու ու հարազատների գերեզմաններն Արցախում մնացին. «էն եքա տնից երկու նկար, մի քանի շոր ենք վերցրել։ Վերջ։ Տունը էլի կսարքենք, բայց մեր գերեզմանները մնացին։ Իրենց մենակ թողեցինք․․․»։


Լյուսի Մանվելյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել