«Հայրենիքը պետությունն է, սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրու պետությունդ»։ ԱԺ-ում 2024թ․ պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ այն ներկայացնելով որպես պետական հայեցակարգային ուղենիշ։
ՀՀ վարչապետը նշեց, որ այս ընկալումից բխող առանցքային խնդիրը պետության աշխարհագրական տեղադիրքի գիտակցումն է՝ այս համատեքստում խոսելով նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։
«Ուզում եմ հույս հայտնել, որ առաջիկայում մենք կունենանք հատուկ ներկայացուցիչների քննարկումների, բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործում, որը վերաբերում է հետևյալին․
Հայաստան-Թուրքիա սահմանը այս փուլում բացվում է 3-րդ երկրների քաղաքացիների համար և դիվանագիտական անձնագիր կրողների համար»,- ասաց նա։
Նա նաև նշեց, որ այս առումով, բացի քաղաքական պայմանավորվածությունից, նաև ենթակառուցվածքային էական աշխատանք է արվել․ «Մասնավորապես մենք վերազինման, վերականգնման ուղղությամբ աշխատել ենք Մարգարայի անցակետում, և ըստ էության արդեն պատրաստ ենք նման զարգացումների, և հույս ունենք՝ այդ պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն»։
comment.count (0)