tert.am: Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն դատապարտել է Մոնրեալում երկու հրեական դպրոցների վրա կրակոցները, ինչպես նաև նույն քաղաքում համալսարանի ուսանողների միջև բախումները։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Ըստ հրապարակման՝ դպրոցների վրա կրակոցներ են արձակվել նոյեմբերի 9-ի գիշերը։ Երկու դպրոցներից էլ հայտնել են, որ փամփուշտների անցքեր են հայտնաբերել դռների վրա։ Միջադեպերի հետևանքով տուժածներ չկան։
Իսկ նոյեմբերի 8-ին Կոնկորդիա համալսարանում Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև ընթացող պատերազմի նկատմամբ հակառակ հայացքներ ունեցող խմբերի միջև բախումներ են տեղի ունեցել։ Կան տուժածներ։
«Ես հասկանում եմ, որ մարդկանց խորապես մտահոգում է այն, ինչ տեղի է ունենում այնտեղ։ Սակայն բռնությունը, ատելությունը, հակասեմականությունը, իսլամաֆոբիան և այնպիսի տեսարանները, որոնք մենք տեսանք Կոնկորդիա համալսարանում, կամ հրեական դպրոցների վրա գիշերն արձակված կրակոցները, այդ ամենն անընդունելի է», - հայտարարել է Թրյուդոն։
Ըստ ոստիկանության՝ Տորոնտոյում հոկտեմբերի 7-ից հետո 3 շաբաթվա ընթացքում հրեաների և մուսուլմանների դեմ ատելության հանցագործությունները ավելի քան կրկնապատկվել են՝ համեմատած ամբողջ 2022 թվականի հետ։
comment.count (0)