Նպատակը՝ խոսել Հայաստանում առաջացած հումանիտար ճգնաժամի մասին. բարոնուհի Քոքսն ԱՄՆ-ում է |1lurer.am|
13:34 - 11 նոյեմբերի, 2023

Նպատակը՝ խոսել Հայաստանում առաջացած հումանիտար ճգնաժամի մասին. բարոնուհի Քոքսն ԱՄՆ-ում է |1lurer.am|

1lurer.am: Միացյալ Նահանգներում է Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը։

Վաշինգտոնում նա հանդիպել է օրենսդիրների հետ, քննարկումներ ունեցել Պետքարտուղարությունում։ Բարոնուհի Քոքսն այցելել է տեղի հայկական Սբ Աստվածածին եկեղեցի։

Համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը նա նշել է, որ ԱՄՆ այցի հիմնական նպատակն է խոսել Ղարաբաղյան հիմնահարցի և ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով Հայաստանում առաջացած հումանիտար ճգնաժամի մասին։

«Լուրերի» թղթակցի հետ զրույցում նա շեշտել է, որ պետք է միջազգային դերակատարներին ավելի հստակ ներկայացվի Հայաստանի կարևոր դերը աշխարհաքաղաքական ներկայի վերադասավորումների պայմաններում։

Բարոնուհի Քոքսին ուղեկցում են Ստեփանակերտի Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի տնօրեն Վարդան Թադևոսյանը, բրիտանացի հոգևորականներ, Քոքսի ղեկավարած ՀԱՐԹ բարեգործական կազմակերպության ներկայացուցիչներ։

Քերոլայն Քոքս (Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ)- Լորդերի պալատում իմ պարտականությունն է աջակցել հետապնդումների ենթարկվող ժողովուրդներին։ Հայերը հիմա մեծ ճնշման են ենթարկվում։ Այստեղ եմ հայերի և հատկապես էթնիկ զտումների ենթարկված՝ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների պաշտպանության նպատակով։ Ես չտեսնված համակրանք ունեմ հայ ժողովրդի հանդեպ, որը տառապել է դարեր շարունակ։

Վարդան Թադևոսյան (Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի տնօրեն) - Հանդիպումներում նաև քննարկվում է, որ Արցախից Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը վերաստեղծվի Հայաստանում, որովհետև Հայաստանում մոտ 10 հազար հաշմանդամություն ունեցող անձինք ունենք Արցախից բռնի տեղահանված, որոնք այդ կենտրոնի կարիքն ունեն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել