Ավինյանը հանձնարարեց պարզել Տորք Անգեղի այգու ճարտարապետահատակագծային առաջադրանքի գործով մանրամասները
 |1lurer.am|
11:41 - 13 նոյեմբերի, 2023

Ավինյանը հանձնարարեց պարզել Տորք Անգեղի այգու ճարտարապետահատակագծային առաջադրանքի գործով մանրամասները |1lurer.am|

1lurer.am: Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նախորդ նիստի ժամանակ քննարկվել է Տորք Անգեղի հուշարձանի տարածքում այգի հիմնելու ճարտարապետանախագծային թույլտվություն տրամադրելու առաջադրանքը: Ըստ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի՝ քննարկմանն արձագանքել է դատական դեպարտամենտը և որոշակի տեղեկատվություն տրամադրել Երևանի քաղաքապետարանին։

«Այն գործը, որի մասին խոսում էինք, մասնավորապես՝ Տորք Անգեղի ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրումը, անցել է 3 դատական ատյանով։ 9 իրարից անկախ դատավորներ քննել են այս գործը։ Պարզվում է՝ առաջին հերթին մենք ուշացրել ենք մեր պատասխանը, պարո՛ն Մուրադյան [ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ - խմբ.], ենթադրաբար՝ ձեր վարչությունը։

Երկրորդ՝ պարզվում է, որ առաջին ատյանում առհասարակ դատական նիստերին չենք ներկայացել, և բոլոր այս դատավորները միակարծիք էին, որ ուղղակի իրենք այլընտրանք չէին ունեցել, քան կայացնել այն որոշումը, որն իրենք կայացրել են։ 

Սա նշանակում է, որ մեզ մոտ կարիք կա հասկանալու, թե ի՛նչ է տեղի ունեցել, որովհետև, կարծում եմ, սա շատ վտանգավոր նախադեպային իրավիճակ է, շատ վտանգավոր նախադեպային գործընթաց է, որը մենք պետք է կանխենք»,- ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ապա դիմեց վերահսկողության վարչության պետին՝ խնդրելով, որ այս գործով մանրամասներ ներկայացնել, թե ինչ է տեղի ունեցել, ինչ պատճառներով են ուշացրել, ինչու չեն ներկայացել դատական նիստերին և տրամադրել ամբողջական տեղեկատվությունը քաղաքապետին, որպեսզի հետևություններ արվեն։ 

«Այս տեսակ անփութությունը շատ վտանգավոր է, և այս անփութության հետևանքով մենք իրապես կարող ենք քաղաքի արտաքին տեսքը աղավաղել»,- ասաց Տիգրան Ավինյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել