factor.am: Ադրբեջանն ու Սերբիան բնական գազի ոլորտում ռազմավարական փաստաթղթեր են ստորագրել: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի Էներգետիկայի նախարարությանը։
Նշվում է, որ Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) և Srbijagas-ի միջև ստորագրվել է համագործակցության զարգացման մասին փոխըմբռնման հուշագիր, ինչպես նաև գազի վաճառքի համաձայնագիր։ Գազի մատակարարումից զատ՝ փոխըմբռնման հուշագիրը նախատեսում է Սերբիա հեղուկ բնական գազի մատակարարման հնարավորություն, գազապահեստարանների հետ կապված SOCAR-ի հետ համագործակցություն։
Այն նաև ուսումնասիրում է ընկերության գազիային առևտրային գործառնություններին մասնակցելու և բնական գազով աշխատող էլեկտրակայանների կառուցման հնարավորությունը: Փաստաթղթերը ստորագրվել են Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովի և Բաքու այցելած Սերբիայի հանքարդյունաբերության և էներգետիկայի նախարար Դուբրավկա Ջեդովիչ Հանդանովիչի միջև։
Շահբազովն ասել է, որ ստորագրված ռազմավարական նշանակություն ունեցող փաստաթղթերն առաջին անգամ գազային ոլորտում բազմակողմ համագործակցության, այդ թվում՝ Ադրբեջանից Սերբիա գազի մատակարարման հիմք են դրել։
«Սերբիան Ադրբեջանի նոր գործընկերն է գազի եվրոպական շուկայի դիվերսիֆիկացման գործում։ Սերբիա տարեկան մինչև 400 միլիոն խորանարդ մետր գազի մատակարարումների արդյունքում ադրբեջանական գազի արտահանման երկրների թիվը կհասնի 8-ի»,- ասել է Շահբազովը։
comment.count (0)