«Եռաբլուրի գործով» ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվի հանցակազմի բացակայության հիմքով
12:33 - 16 նոյեմբերի, 2023

«Եռաբլուրի գործով» ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվի հանցակազմի բացակայության հիմքով

«Եռաբլուրի գործով» որոշում է կայացվել։ Այս մասին հայտնում է զոհված զինծառայողների ծնողների ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը։

Ոստիկանության ծառայողների եւ որդեկորույս ծնողների մասնակցությամբ միջադեպը տեղի էր ունեցել 2022 թ․ սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, երբ մի շարք ծնողներ որոշել էին թույլ չտալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Անկախության տոնի առիթով այցը պանթեոն։ Վաղ առավոտից այնտեղ հավաքված մեծաթիվ ոստիկաննները բերման էին ենթարկել ծնողներին՝ ինչպես հետագայում պարզվեց, մարմնական վնասվածքներ հասցնելով։ Դեպքի առթիվ Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն էր նշանակվել, իսկ ավելի ուշ՝ Քննչական կոմիտեում քրեական վարույթ նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը կատարվել է բռնություն գործադրելով):

Վահան Հովհաննիսյանը հայտնում է, որ 1 տարի 2 ամիս տևած քրեական վարույթով որոշում է կայացվել ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդում չհարուցել նրանց գործողություններում հանցակազմի բացակայության հիմքով։

Նա նշել է, որ ծանոթացման նպատակով իրենց տրամադրվել են քրեական վարույթի նյութերը (9 հատոր և բազմաթիվ տեսագրություններ):

«Իրավական հարցերին մանրամասն անդրադառնալու ենք ասուլիսով, քրեական վարույթի նյութերին ծանոթանալուց և որոշակի իրավական գործընթացներ անցնելուց հետո, սակայն այժմ ներկայացնեմ մի հանգամանք։

Եռաբլուրից 34 ծնողի բերման ենթարկելու համար, պաշտոնական տվյալներով պանթեոն են ուղարկվել ․․․ 439 ոստիկան (անկողմնակալ վկաները փաստում են մինչև 1000 ոստիկանի ներկայության մասին)։

Քրեական վարույթի նյութերից պարզ է դառնում, որ Եռաբլուր ուղարկված ոստիկանների գերակշիռ մասը՝
1․ հրաձիգներ են
2․ հրաձիգ նռնականետորդներ,
3․ հրաձիգ գնդացրորդներ»,- գրել է Հովհաննիսյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել