Միջազգային դատարանի հրամանը համընկնում է Ֆրանսիայի դիրքորոշմանը |azatutyun.am|
11:56 - 19 նոյեմբերի, 2023

Միջազգային դատարանի հրամանը համընկնում է Ֆրանսիայի դիրքորոշմանը |azatutyun.am|

azatutyun.am: Արդարադատության միջազգային դատարանի՝ Ադրբեջանին ուղղված հրամանը Լեռնային Ղարաբաղ ցանկացողների վերադարձն ապահովելու և ԼՂ-ում գտնվողների նկատմամբ ուժ չկիրառելու կամ չահաբեկելու մասին համապատասխանում է Ֆրանսիայի դիրքորոշմանը: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարությունը՝ անդրադառնալով ՄԱԿ-ի դատարանի նոյեմբերի 17-ի որոշմանը:

«Դատարանը, հիմնվելով Ռասայական խտրականության բոլոր ձևերը վերացնելու մասին միջազգային կոնվենցիայի վրա, մինչև վերջնական վճիռը պահանջել է Ադրբեջանից ապահովել, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից հեռացած ու վերադառնալ ցանկացող անձինք հնարավորություն ունենան դա անել անվտանգ, ազատ և արագ: Դատարանը պահանջել է, որ Ադրբեջանն ապահովի, որպեսզի որևէ մեկը Լեռնային Ղարաբաղում չենթարկվի ուժի կիրառման կամ ահաբեկման, ինչը կստիպեր փախուստի դիմել», - ասված է պաշտոնական Փարիզի հայտարարությունում:

Ընդգծելով, որ այդ հրամանն ուժեղացնում է Ֆրանսիայի հետևողական դիրքորոշումը, Փարիզն այդ առիթով հիշեցնում է Միջազգային դատարանին իր աներեր աջակցության և դատարանի որոշումների պարտադիր բնույթի մասին, այդ թվում՝ միջանկյալ միջոցների վերաբերյալ:

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունն «անհարկի և անընդունելի» է որակել Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությունը՝ պնդելով, թե պաշտոնական Փարիզը «երկակի չափանիշներ» է կիրառում, «կանխակալ վերաբերմունք ունի Ադրբեջանի նկատմամբ», խառնվել է Միջազգային դատարանի գործերին և սխալ է մեկնաբանել հարցը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել