Ավինյանը հանձնարարեց 4-րդ կարգի վթարային շենքերից բնակիչներին տեղափոխելուց հետո դրանք քանդել
 |1lurer.am|
11:32 - 04 դեկտեմբերի, 2023

Ավինյանը հանձնարարեց 4-րդ կարգի վթարային շենքերից բնակիչներին տեղափոխելուց հետո դրանք քանդել |1lurer.am|

1lurer.am: 2023 թվականի դրությամբ Երևանում 4-րդ աստիճանի վթարային 14 շենք կա, 3-րդ կարգի վթարային շենքերը 107-ն են: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը:

Նա նաև հիշեցրեց, որ 3-րդ կարգի վթարային շենքերի ամրակայությունն ապահովելու համար միջոցառումներ են անհրաժեշտ, և եթե լինի Երևանի քաղաքապետի հանձնարարականը, ապա դրանք ամրակայելու համար կտրվի հանձնարարական:

Տիգրան Ավինյանն արձագանքեց. «Հարց է՝ ուզո՞ւմ ենք ամրակայել այդ շենքերը, թե՞ ուզում ենք նոր թաղամասեր ստեղծել, որոնք այլ տրամաբանությամբ պետք է կառուցվեն»:

Երևանի քաղաքապետը նաև հիշեցրեց, որ վերջերս տարբեր վթարային շենքերի բնակիչներին 40-ից ավելի բնակարաններ են հանձնվել, հիմնականում՝ Արցախի նրբանցքի շենքերում ապրողների մասին է խոսքը:

«Մի մասին բնակարանի գնման վկայականներ ենք հանձնել, մի մասին բնակարաններ ենք հանձնել: Հենց բոլորը տեղափոխվեն, ժամկետները կան հստակ, խնդրում եմ անպայմանորեն կազմակերպել այդ շենքերի քանդումը վերջնական, 4-րդ կարգի վթարային շենքերի քանդումը, որ նորից այդ ցիկլի մեջ չմտնենք, որ ևս 3 հոգի եկել ու ապրում է այս շենքում, եկեք այդ մարդկանց խնդիրն էլ լուծենք:

Հետևապես սա ֆիքսենք, այս մարդկանց բոլորին տեղափոխենք, տեղափոխելու հաջորդ օրը միանգամից քանդենք բոլոր շենքերը, թող գնան պատմության գիրկը»,- հանձնարարեց Ավինյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել