azatutyun.am: «Իմ խնդիրը Հայաստանի Հանրապետության ապագան է», - հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ այսօր Ազգային ժողովում պատասխանելով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավարի հարցին:
«Ո՞րն է Հայաստանի Հանրապետության ռազմավարությունը Արցախի ապագայի վերաբերյալ՝ ձեր «Ապագա կա» ծրագրերի շրջանակներում», - հարցրել էր Սեյրան Օհանյանը:
Վարչապետը շեշտեց՝ իր ռազմավարությունը Հայաստանի ինքնիշխանությունն ու անվտանգությունն ամրապնդելն է։ Միաժամանակ առանց անուններ տալու ընդգծեց՝ որոշ ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի հարցը օգտագործվել է մի նպատակով՝ որ Հայաստանում պետությունը չկայանա։
Փաշինյանը ևս մեկ անգամ հայտարարեց՝ 1996 թվականի Լիսաբոնի գագաթնաժողովից հետո Ղարաբաղի հարց չի եղել։ Այս պատասխանն Օհանյանին չբավարարեց։
«Դուք նորից հարցին չպատասխանելով փորձում եք շեղել կամ մանիպուլացնել: Եվ նախկին ժամանակահատվածում Արցախը գոյություն է ունեցել, ինչ էլ ուզում եք ասեք, միևնույն է, ձեր իշխանության ժամանակահատվածում է, որ Արցախը հայաթափվել է, բանակցությունները գնացել են, և ձեր ժամանակ է, որ այդ բանակցությունները ընդհատվել են, որովհետև դուք իրարամերժ հայտարարություններ և գործողություններ եք տարել: Եվ էսօր նորից որևէ բան չեք ձեռնարկում Արցախի պատմական մեր տարածքը հետ բերելու, գոնե բանակցելու այդ ուղղությամբ», - հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավարը:
Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. - «Որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, իմիջիայլոց՝ դա նախկինում էլ եմ ասել, իմ խնդիրը Հայաստանի Հանրապետության ապագան է, և իմ լիազորությունների շրջանակը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը ինձ տալիս է պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության ապագայի վերաբերյալ, և ես կենտրոնացած եմ էդ խնդրի վրա: Ինչ վերաբերում է ձեր այն ընկալմանը կամ դիտարկմանը, թե մենք Ղարաբաղին, ասեցիք ոնց որ՝ անտարբեր մնացինք, կան նաև դիտարկումներ, որ մենք Ղարաբաղին ինչ-որ իրավիճակում մենակ ենք թողել, ես էդ թեմային ոնց որ թե անդրադառնալու առիթ չեմ ունեցել, բայց քանի որ ժամանակն էլ կարճ է, ես նման արձագանքներին կարող եմ ընդամենը մի բառով գնահատական տալ՝ ե-րախ-տա-մո-ռութ-յուն»:
Պաշտպանության նախկին նախարարը վարչապետին նաև հարցրեց՝ ի՞նչ է արվում Բաքվում գտնվող գերիներին, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, պաշտպանելու և նրանց վերադարձնելու համար։ Որովհետև նրանք ահաբեկիչներ չեն, շեշտեց Օհանյանը։ Արցախի նախկին ղեկավարներին Բաքվում մի քանի ծանր մեղադրանքներ են ներկայացվել, այդ թվում՝ ահաբեկչության հոդվածով։
Փաշինյանը հարցին կարճ արձագանքեց. - «Ես կարող եմ ասել, որ գերիների հնարավոր վերադարձի վերաբերյալ արվում է ամենօրյա աշխատանք, ամենօրյա»:
comment.count (0)