Կաշառք ստանալու համար մեղադրվող՝ Մարաշի անձնագրային խմբի պաշտոնատար անձանց վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան
18:44 - 07 դեկտեմբերի, 2023

Կաշառք ստանալու համար մեղադրվող՝ Մարաշի անձնագրային խմբի պաշտոնատար անձանց վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում նախաձեռնված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ բացահայտվել է ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության անձնագրերի և վիզաների վարչության Մարաշի անձնագրային խմբի երկու պաշտոնատար անձանց կողմից քաղաքացիներից տարբեր չափերի կաշառք ստանալու և գումարների հափշակության 50 դեպք: Ընդ որում՝ մի շարք դեպքերում քաղաքացիներն իրենք են իրենց նախաձեռնությամբ առաջարկել և տվել կաշառքի գումարները՝ որպես մատուցված անձնագրային ծառայությունների դիմաց «շնորհակալություն»: Այս մասին տեղեկացրին Հակակոռուպցիոն կոմիտեից:

«Քրեական վարույթով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Ա. Ս.-ն, զբաղեցնելով վերը նշված անձնագրային խմբի քաղաքացիական հատուկ ծառայության առաջին կարգի մասնագետի պաշտոնը, տասներկու դեպքում անձամբ, իսկ երեսունհինգ դեպքում նույն անձնագրային խմբի առաջատար մասնագետ-խմբի ղեկավար Լ. Հ.-ի հետ նախնական համաձայնությամբ, խախտել են օրենսդրությամբ սահմանված արգելքը և բազմաթիվ քաղաքացիների ու նրանց մատնանշած անձանց օգտին իրենց ծառայողական լիազորություններն օգտագործելով անձնագրային գործողություններ կատարելու համար վերջիններից պահանջել և ստացել են կաշառք:

Մասնավորապես՝ Ա. Ս.-ն և Լ. Հ.-ն  նույնականացման քարտերի տրամադրման սահմանափակումների պայմաններում վերոհիշյալ անձանց նախապատվություն տալու ու նշված քարտերը տրամադրելու, անձնագրային գործողություններն արտահերթ կատարելու կամ անձնագրային և վիզաների վարչության գործառույթներից բխող այլ գործողություններ իրականացնելու համար, պետական տուրքի գումարներից բացի, քաղաքացիներից պահանջել և ստացել են տարբեր չափերի՝ 2.000-ից 50.000 ՀՀ դրամ կաշառք:

Օրինակ՝ անձնագրային խումբ դիմած անձանցից մեկի անվամբ ՀՀ քաղաքացու անձնագիր ձևակերպելու և տրամադրելու, ինչպես նաև համապատասխան հասցեում վերջինիս հաշվառելու համար 2023 թվականի հունվարի 11-ին հիշյալ պաշտոնատար անձինք պետական տուրքի գումարներից բացի, նրանից պահանջել և ստացել են 50.000 ՀՀ դրամ կաշառք:

Մեկ այլ քաղաքացու նույնականացման քարտի ձևակերպումներն էլ կատարելու համար նրանից, բացի 3.300 ՀՀ դրամ պետական վճարից, որպես կաշառք պահանջել են 20.000 ՀՀ դրամ, որից բացի, տվյալ քաղաքացին իր նախաձեռնությամբ տվել է ևս 5.000 ՀՀ դրամ կաշառք:

Վերը նկարագրված հանցավոր արարքների համար Ա. Ս.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (35 դրվագ), 435-րդ հոդվածի 1-ին մասով (12 դրվագ) և 255-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (3 դրվագ):

Լ. Հ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (35 դրվագ) և 44-435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (3 դրվագ):

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է:  Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել