armenpress.am: Հայաստանի ազգային ժողովի քննարկմանը ներկայացվեց Զբոսաշրջության մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որը նպատակ ունի կանոնակարգել զբոսաշրջության ոլորտը:
Նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Այս փաթեթն էական ռեֆորմ է զբոսաշրջության ոլորտում, որի նպատակն է հասցեավորել այն բոլոր մարտահրավերները, որոնք առկա են մեր երկրում զբոսաշրջության ոլորտի զարգացման առջև, նաև իրացնել զբոսաշրջության ոլորտի տված հնարավորությունները»,- ասաց Քերոբյանը:
Զբոսաշրջությունը, ըստ նախարարի, տնտեսության գերակա ճյուղ է՝ փոխկապակցված տնտեսության մյուս ճյուղերի հետ: Եվ օրենսդրական փաթեթը նպատակ ունի հասցեավորել մի շարք կարևոր հարցեր:
Զբոսաշրջային ծառայություն մատուցողների գործունեության որոշ տեսակներ դառնում են ծանուցման ենթակա: Սահմանվում են հստակ չափանիշներ և պահանջներ՝ զբոսաշրջային ծառայություն մատուցող անձանց համար: Սպառողների իրավունքների պաշտպանության նպատակով սահմանվում են որոշակի պահանջներ, այդ թվում՝ պայմանագրերի կնքում, ֆինանսական երաշխիքների տրամադրում և այլն:
«Այսօր գոյություն չունի զբոսավարների ծառայության որակի վերահսկողության համակարգ: Ներկայացված նախագծերի փաթեթով զբոսավարի գործունեությունը դառնում է ծանուցման ենթակա: Զբոսավարները պետք է որոշակի ստանդարտներին համապատասխան ատեստավորումից հետո ստանան լիցենզիա»,-ասաց նախարարը:
Ըստ նախագծի՝ զբոսաշրջային ավտոբուսները, զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնները, զբոսավարները և ուղեկցորդները որակավորվում են: Հյուրանոցային տնտեսության օբյեկտների և զբոսաշրջային փորձառությունների որակավորումը կամավոր է:
Քերոբյանը նաև հիշեցրեց, որ այս տարվա 11 ամսվա տվյալներով Հայաստան է այցելել 2.2 մլն զբոսաշրջիկ, որը երկրի համար բացարձակ ռեկորդ է:
comment.count (0)