Ներկայացվել են մանրամասներ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կենսաթոշակների և նպաստների վճարման ընթացակարգերի վերաբերյալ

 |aravot.am|
18:30 - 26 դեկտեմբերի, 2023

Ներկայացվել են մանրամասներ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կենսաթոշակների և նպաստների վճարման ընթացակարգերի վերաբերյալ |aravot.am|

aravot.am: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը և նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ճեպազրույցի ընթացքում մանրամասներ են ներկայացրել ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կենսաթոշակների և նպաստների վճարման ընթացակարգերի վերաբերյալ:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը, խոսելով ծննդյան միանվագ նպաստի և մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի հատկացման գործընթացի մասին, նշել է, որ արդեն իսկ ընդունվում են այդ նպաստների նշանակման դիմումները, առկա են նաև մի քանի տասնյակ հաստատումներ:

Ըստ փոխնախարարի՝ նպաստը հաշվարկվելու է հոկտեմբերի 1-ից սկսած, այսինքն՝ կիրառվելու է հետադարձ ուժ, միանվագ կստանան մինչև դեկտեմբերի 31-ը կուտակված նպաստները: Դիմումներն ընդունվում են առցանց եղանակով՝ online.ssa.am հարթակի միջոցով:

Դիմումները ներկայացվելու են ճիշտ նույն սկզբունքով, ինչպես՝ ՀՀ քաղաքացիները: Այս հարթակում դիմում լրացնելու համար նպաստառուները պետք է socservice.am հարթակում ունենալ իրենց էջը: Այսինքն՝ անհրաժեշտ կլինի, որպեսզի նրանք այդտեղ գրանցվեն՝ առանձնացված պատուհանի միջոցով ներկայացնելով իրենց տվյալները, էլեկտրոնային հասցեն: Դավիթ Խաչատրյանը հիշեցրել է նաև, որ դեկտեմբերի 11-ից մեկնարկել է ԼՂ հայրենակիցների կենսաթոշակների նշանակման դիմումների ընդունման գործընթացը: Ըստ Դավիթ Խաչատրյանի՝ այսօրվա դրությամբ հաստատվել է 15639 դիմում:

«Ցուցակներն ամփոփվում են, և վաղը կկատարվի վերջիններիս կենսաթոշակների վճարումները: Այն կազմում է շուրջ 2,5 մլրդ դրամ: Վաղը ավելի քան 15 հազար մարդ կստանա հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը հաշվարկված կենսաթոշակները»,-ասել է նախարարի տեղակալը:

Նշվել է նաև, որ կենսաթոշակները և նպաստները վճարվելու են ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կենսաթոշակների և նպաստների տեսակներին համապատասխան կարգով և չափով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել