ԱԺ-ն հաստատեց նոր փոփոխությունները «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում և կից օրենքներում
11:20 - 16 հունվարի, 2024

ԱԺ-ն հաստատեց նոր փոփոխությունները «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում և կից օրենքներում

ՀՀ ազգային ժողովը 61 կողմ, 32 ձեռնպահ, 1 դեմ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ հաստատել է «Զենքի շրջանառության կարգավորման մասին» և կից օրենքներում նախատեսվող փոփոխությունները ու լրացումները: Փաթեթը ներկայացրել է նախագծի հեղինակ Վիլեն Գաբրիելյանը:

Ըստ պատգամավորի՝ բովանդակային առաջարկները մի քանիսն են։ 

Կարգելվի անչափահասների կողմից մեխանիկական փոշեցրիչների, արցունքաբեր կամ գրգռիչ նյութերով լիցքավորված աէրոզոլային եւ այլ սարքերի, էլեկտրահարող զենքերի ու կայծային պարկուճների շրջանառությունը: 

Կարգավորման արդյունքում գործնական քննությունից կազատվեն այն քաղաքացիները, որոնք ծառայում կամ ծառայել են պետական ռազմականացված կազմակերպություններում, այդ թվում` պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցածները կամ դիմելու պահին վերջին մեկ տարվա ընթացքում ՀՀ ՊՆ կազմակերպած վարժական եւ զինվորական վարժանքներին մասնակցած անձինք, որոնք ունեն կամ ունեցել են զենք կիրառելու իրավունք եւ ծառայությունը չի ավարտվել վաղաժամկետ, իսկ պարտադիր զինծառայության ավարտից հետո չի անցել 5 տարի. «Սա հաշվի ենք առնում որպես պարտադիր ժամկետային զինվորական ծառայության եւ վարժական հավաքների մասնակցած քաղաքացիների կողմից զենքի հետ վարվելու անվտանգության կանոններին տիրապետելու փորձ եւ դիտարկում որպես խրախուսող նորմ»,- ասել է Վիլեն Գաբրիելյանն։

Նա նաև նշել է Կառավարության իր համար ընդունելի առաջարկը. «Մինչեւ 2025 թվականի հունիսի 1-ը պարգեւատրված զենք ունեցող անձինք պարտավոր են ոստիկանություն ներկայացնել համապատասխան բժշկական տեղեկանք եւ հանձնել համապատասխան քննություն, հակառակ պարագայում իրենց սեփականություն հանդիսացող պարգեւատրված զենքը մալվելու է»:

Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնությանը տվել է դրական եզրակացություն: Այս մասին ասել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը:

Կառավարության դրական դիրքորոշումը ներկայացրել է ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը: Գերատեսչության ներկայացուցիչը հայտնել է, որ գործադիրն աշխատել է նախագծի հեղինակի հետ, առաջարկների մեծ մասն իրացված է: Փոխնախարարը վստահեցրել է նաեւ, որ Կառավարությունը պատրաստակամ է գործող օրենքը շարունակաբար մշտադիտարկման ենթարկել եւ համապատասխան լուծումներ առաջարկել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել