aysor.am: ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանն այսօր խորհրդարանի հայտարարությունների ժամին հանդես է եկել ելույթով.
Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող բանակցությունների փաստաթղթից սահմանների դելիմիտացիայի/դեմարկացիայի և ռեգիոնալ ապաշրջափակման մասին դրույթների առանձնացումն ու զուգահեռ գործընթաց տանելն ամբողջությամբ զրոյացնում է, այսպես կոչված, խաղաղության օրակարգի իրացումը:
Եթե պարզ խոսենք, ապա խաղաղության պայմանագիրն իր մեջ 3 առանցքային հարց էր պարունակում՝ սահմանների ճշգրտում, ճանապարհների բացում՝ ապաշրջափակում և Արցախի հարց: Արցախի հարցը Հայաստանի իշխանության լուռ համաձայնությամբ Ադրբեջանը փորձեց լուծել ռազմական ճանապարհով, իսկ մյուս 2 դրույթների շուրջ ստեղծված հակասությունները փորձում են լուծել՝ դրանք պարզապես հիմնական փաստաթղթից հեռացնելով:
Ինչ է ստացվում: Մի կողմից ընթանում է բանակցություններ բարի ցանկությունների ու մաղթանքների մասին փաստաթղթի մասին, որը Հայաստանի իշխանությունն ինչ-որ փուլում փորձելու է թանկ ծախել հասարակության վրա, իսկ զուգահեռ իրականությունում՝ բանակցություններն անկյունաքարային հարցի վերաբերյալ մտնում են փակուղի: Սա նշանակում է, որ մեր տարածաշրջանում այդպես սպասված ու չարչրքված երկարաժամկետ խաղաղության ու կայունության մասին պետք է մոռանալ:
Իշխանությունը մի օր, ըստ քաղաքական նպատակահարմարության, խոսում է խաղաղությանը մոտ լինելու մասին՝ փափուկ բարձ դնելով հասարակության գլխի տակ, մեկ այլ իրավիճակում ստիպված է լինում խոստովանել իրականությունը՝ խոսում խաղաղության գործընթացի տորպեդավորման կամ գործընթացի վտանգման մասին: Խաղաղություն բառը երբեք այսքան ոչնչացված չէր եղել՝ մի կողմից միջազգային դերակատարների լռությունը, մի կողմից՝ Ադրբեջանի ագրեսիվ դիրքավորումը, մյուս կողմից շարունակ ստեր ու կեղծիքներ հայաստանյան իշխանության կողմից, որոնք անընդհատ իրենց հետ նոր մարդկային և տարածքային կորուստներ են բերում:
Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունն աննախադեպ բռնաբարության է ենթարկվում, իսկ իշխանությունը շարունակում է պնդել, որ պետք է թուլանալ և հաճույք ստանալ: Այս իշխանությունը հասարակության ոչ թե խաղաղության, այլ երկրի փլուզման համակերպմանն է տանում:
comment.count (0)