Սունդուկյանի անվան թատրոնի շենքից էին վճարվում «Գոյի» կոմունալները եւ ամբողջապես անկախ եւ ինքնավար իրավիճակ չկար. Ժաննա Անդրեասյան

 |aravot.am|
17:56 - 17 հունվարի, 2024

Սունդուկյանի անվան թատրոնի շենքից էին վճարվում «Գոյի» կոմունալները եւ ամբողջապես անկախ եւ ինքնավար իրավիճակ չկար. Ժաննա Անդրեասյան |aravot.am|

aravot.am: ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ՔՊ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը «Գոյ» թատրոնի վերաբերյալ հարց ուղղեց ԿԳՄՍ նախարարին՝ ասելով, որ դերասանական կազմի հետ հանդիպում են ունեցել ու հակասություն է տեսնում նրանց խոսքերի եւ նախարարի հայտարարած նպատակների հետ կապված:

Նախարար Ժաննա Անդրեասյանը պատասխանեց, որ վերակազմակերպում են իրականացնում. «Գոյ» թատրոնը իր խաղացանկով, իր ստեղծագործական ազատությամբ եւ ֆինանսավորմամբ ընդամենը գործում է Սունդուկյանի անվան թատրոնի հովանու ներքո: Սա այն պարզ ճշմարտությունն է, որ մենք փորձում ենք փոխանցել եւ անընդհատ հանդիպում ենք տարբեր մանիպուլյացիաների, որոնց հիմքն ու իմաստը, անկեղծ ասած, շատ հասկանալի չի: Որեւէ բան տեղի չի ունենում «Գոյ» թատրոնի հետ՝ որպես ստեղծագործական միավոր: Մենք խոսում ենք 2 ՊՈԱԿ-ների միավորման գործընթացի մասին, որոնք գործում էին մեկ շենքում: Սունդուկյանի անվան թատրոնի շենքից էին վճարվում «Գոյի» կոմունալները, եւ այդ իմաստով՝ ամբողջապես անկախ եւ ինքնավար իրավիճակ չկար: Այս պահին ունենում ենք մեկ միասնական ՊՈԱԿ, որի ներքո գործելու է «Գոյ» թատրոնը՝ որպես առանձին ստեղծագործական միավոր եւ ստանալու է հավելյալ հնարավորություններ, որովհետեւ Սունդուկյանի անվան թատրոնի բեմերը եւ տարածքները շատ ավելի են, կարծում եմ, դերասանական կազմն ու ռեժիսորը կարող են նոր մտահղացումներ ունենալ: Սա պիտի բերի միայն ստեղծագործական ազատության, նախաձեռնողականության եւ զարմանում եմ, որ դրանց անցնելու փոխարեն մենք հիմա զբաղված ենք ինչ-որ խոսակցություններով, որոնք կապ չունեն իրականացվող գործընթացի հետ»:

Սիսակ Գաբրիելյանը ճշտեց՝ այսինքն, երբ ասում են՝ մենք ունենք լավ ներկայացումներ, խաղացանկ կարելի՞ է ասել, որ շարունակելու են այդ խաղացանկը նախարարության կողմից ֆինանսավորվել ու ստեղծագործական առումով չեն տուժելու, նաեւ լրացուցիչ Սունդուկյանի անվան թատրոնի բեմն էլ կարող է տրամադրվել իրենց՝ Ժաննա Անդրեասյանը պատասխանեց, որ այո. «Ցենզուրայի մասին խոսելը անմտություն է ու այստեղ որեւէ կերպ չի կարող նման բան լինել: Խաղացանկի հետ կապված նախարարությունը ընդհանրապես որեւէ որոշում չի կայացնում որեւէ թատրոնում»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել