news.am: Երբ խոսում ենք պատմական արդարությունից, նախ պետք է հասկանանք, թե դա ինչ է նշանակում: Այս մասին այսօր՝ փետրվարի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
«Երբ խոսում ենք պատմական արդարությունից եւ դրա տակ դնում ենք տարածքային պահանջներ մեր հարեւաններից, այնպես չէ, որ միայն այդ երկու հարեւաններն են, որ պատմական արդարությանը վատ աչքով են նայում: Երբ խոսում ենք վանա լճից, ինչի՞ չենք խոսում Ուրմիա լճից: Իսկ ո՞վ ասաց, որ տարածքային պահանջները պետք է բավարարել միայն վանա լճի մասով եւ չներառել, օրինակ, Ուրմիա լիճը: Եվ արդյոք այդ տեսանկյունից տրամաբանական է, որ 3 մլն բնակչություն ունեցող Հայաստանը տարածքային պահանջներ ունենա պատմական արդարության տեսանկյունից իր բոլոր հարեւաններից: Արդյոք դա տրամաբանական ու ողջամիտ է»,-ասաց նա:
Հարցին՝ եթե Հայաստանն ընդունի նոր Սահմանադրություն, որտեղ չի լինի հղում Անկախության հռչակագրին, արդյոք դրանով թուրք-ադրբեջանական տանդեմի ախորժակը փակվելու է, Ալեքսանյանը պատասխանեց. «Երբ մենք խոսում ենք նոր Սահմանադրությունից, պետք է հասկանանք, որ այդ խոսակցությունը նախեւառաջ ինքներս մեզ հետ պետք է ունենանք: Դրանից հետո նոր անդրադառանք Թուրքիային, Ադրբեջանին, Իրանին ու Վրաստանին: Արդյոք էդ կոդով առաջ գնալը հայաստանին լավ տեղ է տանելու: Այն, ինչ մեզ հետ տեղի ունեցավ վերջին շրջանում, ապացուցում է, որ ոչ»:
Դիտարկմանը, որ շատ երկրներ են պարտություն կրում, բայց չեն կորցնում իրենց կորցրած հայրենիքը վերականգնելու երազանքը, զինվում են եւ հետագայում հետ են բերում կորցրածը, Վահագն Ալեքսանյանն ասաց. «Շատ լավ բան է երազանքով առաջնորդվելը, մինչև այն պահը, երբ պարզվում է, որ այդ երազանքն ուղղակի ներդրված է, որպեսզի դու երբեք չունենաս ինքնիշխանություն: Ես ասում եմ, որ մեր սերունդը և մենք պետք է ունենանք ամենակարևոր երազանքը։ Դա ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունն է և ոչ թե գնանք այն ճանապարհով, որը տարիներ առաջ գրվել է մեզ համար, դրվել է մեր տակ, որպեսզի ինչ-որ մի պահի մենք կորցնենք մեր ինքնիշխանությունը՝ գնալով մի բանի հետևից, որին փաստացի հասնել չենք կարող:
Լավ, պատկերացնենք, որ ինչ-որ մի պահի լինում է այնպես, որ ռազմական բալանսը հօգուտ մեզ է խախտվում՝ է հետո՞: Հետո էլ Ադրբեջանն է նորից հզորանում, ունենում է միջազգային լեգիտիմությունը, նորից է հարձակվում և հետ նվաճում։ Դուք հասկանո՞ւմ եք, որ աշխարհի ոչ մի պետություն չի ճանաչել Լեռնային Ղարաբաղն անկախ Հայաստանի մաս»,-ավելացրեց նա։
comment.count (0)