armeniasputnik.am: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի նախաձեռնությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում և օգտակար է եղել։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ այդ մասին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար, Մյունխենի անվտանգության համաժողովի հիմնադրամի խորհրդի փոխնախագահ Հելգա Շմիդտի հետ հանդիպմանն ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Ալիևն ասել է նաև, որ արդեն պայմանավորվածություններ են ձեռք բերվել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, սահմանների դելիմիտացիայի և խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների անցկացման ուղղությամբ:
Բացի այդ, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մոտ ժամանակներս ՀՀ–ի և Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով հանդիպում տեղի կունենա:
Ալիևը նաև հայտարարել է, որ ժամանակն է վերացնել մի շարք մեխանիզմներ, որոնք ԵԱՀԿ շրջանակներում անցյալի մասունքներ են։ Նրա խոսքով` դրանցից են Մինսկի խումբը, բարձր մակարդակի պլանավորման կոմիտեն:
Հիշեցնենք, որ փետրվարի 17–ին Մյունխենում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Գերմանական կողմն է հանդիպումը կազմակերպել, բայց այդ երկիրը միջնորդի դերում չէ, այլ Մյունխենի համաժողովի շրջանակում ուղղակի կազմակերպչի։
comment.count (0)