Բաքվում գտնվող Զեյնալլիին Հայաստանին հանձնելու փաստաթղթերի փաթեթը Դատախազությունն այսօր ուղարկել է ՌԴ
16:29 - 22 փետրվարի, 2024

Բաքվում գտնվող Զեյնալլիին Հայաստանին հանձնելու փաստաթղթերի փաթեթը Դատախազությունն այսօր ուղարկել է ՌԴ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունն այսօր ՀՀ իրավասու մարմնից ստացել է Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների կողմից նախօրեին հայտնաբերված՝ հետախուզման մեջ գտնվող ադրբեջանցուն Հայաստանի Հանրապետությանը հանձնելու վերաբերյալ փաստաթղթերի փաթեթը:

Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության խոսանակ Լուսինե Մարտիրոսյանը:

«Նշված փաթեթը՝ ՀՀ գլխավոր դատախազության կողմից կազմված հանձնման միջնորդության հետ միասին, քիչ առաջ ուղարկվել է ՌԴ գլխավոր դատախազություն»:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի քաղաքացի Քամիլ Զեյնալլին ավելի վաղ հայտարարել էր, որ իրեն ձերբակալել են Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում և տեղափոխել ոստիկանական բաժանմունք։ Զեյնալլին նշել էր, որ ոստիկաններն իրեն հայտնել են, որ իր նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարված Հայաստանի կողմից։ Նա նաև նշել էր, որ փետրվարի 21-ին կկանգնի դատարանի առաջ։

Հայաստանի ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հաստատել է, որ Ադրբեջանի քաղաքացու նկատմամբ կա հայտարարված միջպետական հետախուզում՝ սպանության մեղադրանքով։

Ապա Քամիլ Զեյնալլիի փաստաբանը հայտնել էր, որ ազատ է արձակվել Ադրբեջանի իշխանությունների աջակցությամբ և վերադարձել Բաքու:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել