Երևանում անցկացվել է «Իրավաբանական խորհրդատվության 2023-2024» Բրաուն Մոսթեն միջազգային մրցույթի ազգային փուլը
22:18 - 26 փետրվարի, 2024

Երևանում անցկացվել է «Իրավաբանական խորհրդատվության 2023-2024» Բրաուն Մոսթեն միջազգային մրցույթի ազգային փուլը

Փետրվարի 24-ին և 25-ին Երևանում առաջին անգամ անցկացվեց «Իրավաբանական խորհրդատվության 2023-2024» Բրաուն Մոսթեն միջազգային մրցույթի ազգային փուլը։ Նախաձեռնությունն իրականացվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Հայաստանի արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շնորհիվ։

Հաղթող թիմի անդամները՝ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանողներ Նարե Նիկողոսյանը և Լուսինե Վարդանյանը, ապրիլին կմեկնեն Լեհաստան՝ ներկայացնելու Հայաստանը մրցույթի միջազգային փուլին։  

Մրցանակաբաշխության արարողությանը մասնակցել են ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության փոխտնօրեն Ռեբեքա Ուայթը և ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը, որոնք և հաղթող թիմին են հանձնել մրցույթի գավաթը։

Ողջունելով ներկաներին և շնորհավորելով մրցույթի մասնակից բոլոր ուսանողներին՝ ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության փոխտնօրեն Ռեբեքա Ուայթն ասաց. 

«Դուք  բոլորդ արդեն հաջողել եք՝ լինելով այստեղ։ Բոլորս ընտրել ենք այս մասնագիտությունը հանրության և բարի գործի համար: Ես հատկապես ուրախ եմ տեսնել, որ եզրափակչի բոլոր մասնակիցները կանայք են։ Շնորհավորում եմ բոլորիդ: Հաջողություն եմ մաղթում հատկապես հաղթողներին, որոնք առաջիկայում կմասնակցեն միջազգային եզրափակիչ փուլին՝  Լեհաստանում»։

Բրաուն Մոսթեն  մրցույթի նպատակն է՝ ներգրավել իրավաբանական կրթություն ստացող ուսանողներին փորձարարական ուսուցման մեջ և զարգացնել հարցազրույց վարելու նրանց հմտությունները՝ օգնելով ձևավորել իրավաբան-վստահորդ արդյունավետ հարաբերություններ: Մրցույթը ուսանողներին զինում է գործնական հմտություններով՝ նախապատրաստելու նրանց մուտքն աշխատաշուկա։ 

«Հրաշալի և թիրախային ընտրություն է եղել իրավաբանական խորհրդատվության հենց այս մրցույթը ներմուծել Հայաստան: Հայկական կրթական մշակույթը համալրվեց պրակտիկ հմտություններ զարգացնող միջազգային  ևս մեկ մրցույթով: Մասնակիցների համար սա շատ պարտավորեցնող է, քանի որ իրենք այս մրցույթի ծիծեռնակներն էին, և, դատելով ժյուրիի անդամների արձագանքից, թե ինչ բարդ ընտրության առաջ էին կանգնել, իմ համոզմամբ, ուսանողները հաջողել են: Իրենց տեսական գիտելիքի համար սա լուրջ փորձություն էր պրակտիկայում դրսևորելու համար: Հաջողություն եմ մաղթում բոլորիդ»,- իր ելույթում նշեց ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը։   

Ուսանողներին գնահատել է իրավաբաններից և հոգեբաններից բաղկացած հանձնաժողովը՝ հաշվի առնելով վստահորդի դեր կատարող անձի հետ արդյունավետ աշխատելու նրանց կարողությունները: 

«ԱՄՆ ՄԶԳ Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի կարևոր ուղղություններից է իրավաբանական  կրթություն ստացող ուսանողների համար ստեղծել հնարավորություններ պատրաստ մուտք գործել ՀՀ արդարադատության ոլորտի աշխատաշուկա: Այս մրցույթը քննադատական մտածողությունը բարելավելու և գործնական հմտություններն ամրապնդելու  արդյունավետ  հնարավորություն է: Որպես եզրափակիչ փուլի դատավոր՝ ես շատ տպավորված էի մրցակիցների պրոֆեսիոնալիզմով և նման ճնշման պայմաններում արդյունավետ  աշխատելու կարողությամբ»,- նշեց ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի ղեկավարի պաշտոնակատար տիկին Քլեր Բեմբրիքը:

Մրցույթի առաջին ազգային փուլին մասնակցել է 4 թիմ՝ Եվրասիա միջազգային համալսարանից և Հայաստանում ֆրանսիական համալսարանից։   

ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի արդարադատության ոլորտի աջակցության ծրագիրը, որպես մրցույթի ազգային համակարգող, ֆինանսավորում և իրականացնում է մրցույթի ազգային փուլը։ Ծրագիրը նաև ֆինանսական և տեխնիկական  աջակցություն կտրամադրի՝ ապահովելու հաղթած թիմի մասնակցությունը մրցույթի միջազգային փուլին, որն անցկացվելու է 2024 թ․-ի ապրիլի 10-13-ին Լեհաստանի Լյուբլին քաղաքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել