factor.am: Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները հասել են որակական նոր մակարդակի։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման ժամանակ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Մենք պահպանել ենք այն բոլոր լավ բաները, որոնք տասնամյակներ շարունակ միավորել են մեր ժողովուրդներին, և անկախ այն հասարակական-քաղաքական կազմավորումից, որում մենք գործակցել ենք, մեր ժողովուրդների միջև բարեկամական կապերը միշտ եղել են միջպետական հարաբերությունների հիմքը։ Եվ այսօր, երբ միջպետական հարաբերությունները թե՛ ձևով, թե՛ բովանդակությամբ որակապես նոր մակարդակի են հասել, բնականաբար, դրան աջակցում է նաև մեր երկրների հասարակությունը»,- ասել է Ալիևը։
Նա նաև վստահություն է հայտնել, որ ընթացիկ տարին լավ արդյունքներ կբերի երկկողմ հարաբերությունների շրջանակներում։ «Մեր դաշնակցային համագործակցությունը կամրապնդվի՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների: Դա նույնպես կարևոր գործոն է տարածաշրջանային կայունության և անվտանգության համար»,- ասել է Ալիևը:
Ըստ Ադրբեջանի նախագահի՝ համագործակցության ամրապնդման շրջանակում բոլոր խնդիրները հաջողությամբ կատարվում են, ապրանքաշրջանառությունն աճել է 17 տոկոսով՝ մոտենալով 4,5 մլրդ դոլարի։ Իր հերթին, Միշուստինը շնորհավորել է Ալիևին փետրվարի 7-ի նախագահական արտահերթ ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։
Նա նշել է, որ այցի ընթացքում քննարկվել է երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ արդյունաբերության, տրանսպորտի, գյուղատնտեսության, դեղագործության, ինչպես նաև տեխնոլոգիական նորարարական նախագծերի խոստումնալից ոլորտները: Հավելենք, որ Միշուստինը նախօրերին բանակցություններ էր անցկացրել Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ։ Երկու երկրների միջև նաև մի շարք փաստաթղթեր են ստորագրվել։
comment.count (0)