Էստոնիայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ: Այս մասին հայտնում են ԱԺ-ից։
«Կողմերը փաստել են Հայաստանի եւ Էստոնիայի միջեւ առկա ջերմ միջպետական հարաբերությունների մասին, որոնց հիմքում ընդհանուր ժողովրդավար արժեքներն են: Զրույցի սկզբում քննարկվել է Հարավային Կովկասում առկա անվտանգային իրադրությունը:
Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղության հաստատման օրակարգին եւ ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը:
«Տարածաշրջանային կոմունիկացիաները պետք է գործեն ինքնիշխանության, իրավազորության, հավասարության եւ փոխադարձության սկզբունքներով: Սահմանազատումն ու սահմանագծումը պետք է անցկացվեն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա»,- ընդգծել է Ալեն Սիմոնյանը:
Էստոնիայի ԱԳ նախարարը բարձր է գնահատել Հայաստանի հավատարմությունը խաղաղության օրակարգին:
«Հայաստանը մեզ համար բարեկամ երկիր է: Էստոնիան պատրաստ է ամեն կերպ աջակցել Հայաստանին տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության հաստատման հարցում»,- ասել է ԱԳ նախարարը:
Քննարկվել են Հայաստան-Էստոնիա, Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր, ինչպես նաեւ՝ իրավիճակն Արեւելյան Եվրոպայում»,- նշվում է հաղորդագրության մեջ։
comment.count (0)