ՀՀ սահմանապահ զորքերը նամակով դիմել են ՀՀ-ում ՌԴ սահմանապահ զորքերին. Նիկոլ Փաշինյանը մեկնաբանեց «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու վերաբերյալ Արմեն Գրիգորյանի հայտարարությունը
«Շնորհակալություն են հայտնել Հայաստանի անկախությունից ի վեր «Զվարթնոց» օդանավակայանում ծառայություն իրականացնելու և անվտանգությունը ապահովելու, սահմանային հսկողություն իրականացնելու հարցում ցուցաբերած աջակցության և մատուցված ծառայության համար։
Տեղեկացրել են, որ քանի որ մեր երկրում պետական ինստիտուտները զարգանում են, ահա այս ողջ ընթացքում, այդ թվում նաև՝ ՌԴ մեր գործընկերների աջակցությամբ ՀՀ սահմանապահ ծառայությունը, մասնավորապես օդանավակայանում արդեն իսկ բավարար փորձ, հմտություն և հնարավորություն է ձեռք բերել, որ այնտեղ սահմանապահ հսկողությունն իրականացնի առանց ռուսական կողմի աջակցության»,- ասել է Փաշինյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն էր հայտնել, որ Հայաստանը պաշտոնական նամակով Ռուսաստանին տեղյակ պահել է «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու իր հստակ դիրքորոշման մասին։
Ի սկզբանե ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էր կարծիք հայտնել, որ ռուս սահմանապահները պետք է դուրս գան «Զվարթնոց» օդանավակայանից։
ՌԴ ԱԳՆ քարտուղար Մարիա Զախարովան, մեկնաբանելով Սիմոնյանի հայտարարությունը, ասել էր, որ Ռուսաստանը Ալեն Սիմոնյանի խոսքերը՝ «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու անհրաժեշտության մասին, «անբարյացակամ պահվածքի ևս մեկ օրինակ» է համարում․ «Այնքան էլ պարզ չէ, թե որքանով է Ազգային ժողովի նախագահը պատասխանատու իր բարձրացրած թեմաների համար»:
comment.count (0)