hetq.am: Ռուսական «Միր» վճարային համակարգի քարտերն ապրիլի 5-ից կդադարեն գործել Ղրղզստանում։ Այդ մասին հայտնում է РБК-ն՝ հղում անելով Ղրղզստանի ազգային «Էլքարտ» վճարային համակարգի օպերատորի տարածած հայտարարությանը։
Հայտարարության մեջ ասվում է, որ ընկերությունը «երկրորդային պատժամիջոցների ռիսկը նվազագույնի հասցնելու համար» դադարեցնում է «Միր» բանկային քարտերի սպասարկումն այն պատճառով, որ ԱՄՆ-ն արգելափակող պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի վճարային քարտերի ազգային համակարգի (NSPK) և «Միր» օպերատորի նկատմամբ:
Ղրղզստանում «Միր» ծառայության դադարեցումից հետո «Էլքարտ» համակարգի քարտերը կդադարեն գործել արդեն Ռուսաստանում:
«Միր» քարտերը Ղրղզստանում գործում էին 2019 թվականից սկսած՝ երկու վճարային համակարգերի՝ ռուսական «Միր»-ի և ղրղզական «Էլքարտ»-ի ինտեգրման շրջանակներում (այս համակարգին մասնակցում է 21 բանկ):
Ղրղզստանի շատ բանկեր (23 ընկերություններից 10-ը) 2022 թվականի հոկտեմբերին դադարեցրել էին «Միր» քարտերի սպասարկումը, երբ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սպառնաց պատժամիջոցներ սահմանել օտարերկրյա այն ընկերությունների նկատմամբ, որոնք Ռուսաստանի սահմաններից դուրս սպասարկում էին «Միր» քարտերը։
ԱՄՆ-ն 2024 թվականի փետրվարին արգելափակող պատժամիջոցներ սահմանեց «Միր» վճարային քարտերի օպերատորի նկատմամբ։ Այդ ժամանակ «Միր» քարտերը սպասարկվում էին Ղազախստանի, Բելառուսի, Վենեսուելայի, Վիետնամի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Կուբայի, մասամբ ճանաչված Աբխազիայի և Հարավային Օսիայի որոշ բանկերի կողմից։
Պատժամիջոցների սահմանումից հետո «Միր» քարտերը դադարեցին սպասարկել ղազախական Bereke Bank-ը և Halyk Bank-ը։
Մարտի 30-ից սկսած «Միր» քարտերի սպասարկումը դադարեցրին նաև Հայաստանի գրեթե բոլոր բանկերը, բացի «ՎՏԲ Հայաստան» բանկից։
comment.count (0)