Իսրայելի ոստիկանությունը ապրիլի 3-ի մոտ ժամը 11:00-ին ապօրինի տեղահանում է սկսել Երուսաղեմի Հայոց պատրիարքության «Կովերի պարտեզ» կալվածքից՝ ոչնչացնելով Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի գույքը, եւ հարձակվելով հոգեւորականների եւ տեղացի հայերի վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Աղան Գոգչյանը։
«Վտարումը ղեկավարել է Ասաֆ Հարէլ անունով սպան:
Երբ սպաների խմբից պահանջվել է հայ հոգեւորականներւ եւ տեղացի հայերինն բռնի տեղահանելու, վտարելու, գույքը ոչնչացնելու մասին արտոնագիր ներկայացնել, վերջիններս որեւէ արտոնություն կամ դատարանի որոշում չեն ներկայացրել եւ շարունակել են պաշտպանել ու աջակցել Xana Gardens-ի ներկայացուցիչներին՝ Հայոց Պատրիարքարանի գույքը ոչնչացնելու համար:
Ապօրինի գործողությունները դադրեցնելու փորձի ընթացքին մի քանի ոստիկաններ շարունակաբար հայտարարել են, թե եկել են արտոնագրով, սակայն բնավ չեն ներկայացրել հիշյալ արտոնագիրը եւ ասել են. «Մենք այստեղ ենք՝ պաշտպանելու Xana Gardens-ի աշխատողների իրավունքները»:
Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը Սուրբ Երկրի Սրբատեղեաց Պահապաններէն մէկն է եւ վերահսկողը Երուսաղեմի չորս թաղամասերից մէկի: Մենք ակնկալում ենք ամբողջական պատշաճ գործընթաց, ինչպես որ, իբր տրված է բոլորին Երուսաղեմի մէջ եւ պատասխաններ ենք պահանջում Իսրայելի ոստիկանությունից եւ Իսրայելի կառավարությունից՝ այսօրվա իրադարձություններին նրանց մասնակցության համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետը նաեւ նշել է, թե աներկբա է, որ այսօրվա սադրանքները Հայկական թաղամասի եւ նրա օրինական հողերի դեմ նախադեպ ստեղծելու փորձեր են: «Մենք պիտի շարունակենք ամուր կենալ մեր դիրքերում եւ պիտի հրավիրենք ամբողջ աշխարհի քրիստոնյաների ուշադրությունը խաղաղ հայ քրիստոնյա համայնքի նկատմամբ այս անվերջ ոտնձգությունների վրա»,- ընդգծել է նա:
Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը գտնվում է իր 16-դարյա պատմության ամենամեծ գոյութենական սպառնալիքի ներքո, և Էքզիստենցիալ-տարածքային վտանգը լիովին տարածվում է Երուսաղեմի բոլոր քրիստոնեական համայնքների վրա։ Այս մասին գրել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Աղան Գոգչյանը։ Նոյեմբերի 1-ին Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը որոշում էր կայացրել չեղարկել «Կովերի պարտեզ»-ը վարձակայության տալու գործարքը։ Գոգչյանի տեղեկացմամբ, սակայն, կառուցապատողները փորձում են շինարարություն իրականացնել։
«Վերջին օրերին Երուսաղեմի հայկական թաղամասի տարածքում ասֆալտի ահռելի ոչնչացումն ու հեռացումն իրականացվել է առանց Երուսաղեմի քաղաքապետարանի, կառուցապատողի և ոստիկանության թույլտվության։ Չնայած այդ հանգամանքին՝ ոստիկանությունն, այնուամենայնիվ, վերջին մի քանի օրերին նախընտրել է հայ համայնքի բոլոր անդամներից պահանջել ազատել տարածքը»։
comment.count (0)