Կա իրական հնարավորության պատմական պահ՝ վերջնականացնելու խաղաղության նախագիծը. Միրզոյան
 |1lurer.am|
11:38 - 11 հունիսի, 2024

Կա իրական հնարավորության պատմական պահ՝ վերջնականացնելու խաղաղության նախագիծը. Միրզոյան |1lurer.am|

1lurer.am: Կարծում ենք, որ Հայաստանի և ԱՄՆ-ի ընդլայնված գործընկերությունը, ՀՀ ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը ԱՄՆ-ի շարունակական աջակցության հետ մեկտեղ, ունի մեծ ներուժ՝ նպաստելու Հարավային Կովկասում կայուն և արժանապատիվ խաղաղության հաստատմանը: Այդ մասին ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Այս համատեքստում ցանկանում եմ վերահաստատել, որ Հայաստանը հավատարիմ է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և սահմանների սահմանազատման գործընթացին՝ հիմնված 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիմքով տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա: Կա իրական հնարավորության պատմական պահ՝ վերջնականացնելու խաղաղության նախագիծը, որի ստորագրումը կարող է նոր դուռ բացել տարածաշրջանում երկարատև խաղաղության համար:

Որպես խաղաղության օրակարգի և տարածաշրջանային զարգացման տեսլականի մաս՝ Հայաստանը մեծապես շահագրգռված է տարածաշրջանային բոլոր հաղորդակցություններն ապաշրջափակելու հարցում՝ հիմնված երկրների ինքնիշխանության, իրավասության լիակատար հարգման, իրավահավասարության և փոխադարձության սկզբունքների վրա: Դա լավագույնս արտացոլված է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մեջ, որն առաջ է քաշվել մեր Կառավարության կողմից»,- ասաց Միրզոյանը:

Արարատ Միրզոյանը նաև հայտարարեց՝ ժողովրդավարական սկզբունքների նկատմամբ ամուր հանձնառությունը մեր գործընկերության առանցքում է:

«Չնայած այն հանգամանքին, որ ժողովրդավարությունը վտանգված է ամբողջ աշխարում, այդ թվում՝ մեր տարածաշրջանում, չնայած անվտանգության մարտահրավերներին և առաջացող հիբրիդային սպառնալիքներին՝ Հայաստանի Կառավարությունը վճռական է՝ հետևելու իր ժողովրդի կատարած ժողովրդավարական ընտրությանը, ամրապնդելու համապատասխան պետական ինստիտուտները, ապահովելու օրենքի գերակայությունը և մարդու իրավունքների ամուր պաշտպանությունը:

Այս համատեքստում վերջին տարիներին մեր ակտիվ մասնակցությունը հանուն ժողովրդավարության գագաթնաժողովի փաստում է մեր հանձնառությունը և ներգավվածությունը՝ միտված առավել ամուր ժողովրդավարության կառուցմանը, և կլինի բավականաչափ՝ դիմագրավելու, հաղթահարելու բոլոր դժվարությունները:

Ես հավատացած եմ, որ մեր համախոհ գործընկերները, մասնավորապես՝ ԱՄՆ-ը, լիովին աջակցում են և կանգնած են մեր կողքին՝ ապացուցելու, որ ժողովրդավարությունը կարող է արդյունքներ ապահովել»,- ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել