armenpress.am: ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը հունիսի 11-ի նիստում որոշել է ևս 0.25 տոկոսային կետով իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ այն սահմանելով 8 տոկոս: Այդ մասին ասուլիսում հայտարարեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:
Նա նշեց, որ Խորհրդի գնահատմամբ՝ վերաֆինանսավորման ավելի ցածր տոկոսադրույքն անհրաժեշտ է միջնաժամկետում գնաճի 4 տոկոս մակարդակի և գների կայունության նպատակի իրագործման համար: Հայտարարվեց, որ 2024 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում Հայաստանում 12-ամսյա գնաճը շարունակել է պահպանվել նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում՝ մայիսին կազմելով 0.3 տոկոս: Իսկ 12-ամսյա բնականոն գնաճը պահպանվել է բացասական տիրույթում՝ ապրիլին կազմելով -0.5 տոկոս:
«2024 թվականի երկրորդ եռամսյակում աշխարհում և Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում տնտեսական աճի դանդաղման ռիսկերը պահպանվել են: Համաշխարհային գնաճը շարունակում է դանդաղել, սակայն գործընկեր երկրներում կոշտ գներով բնութագրվող ապրանքների և ծառայությունների գները դեռևս մնում են հարաբերականորեն բարձր: Միաժամանակ, գործընկեր երկրներում գերտաքացած աշխատաշուկայի պայմանները շարունակում են նպաստել բարձր պահանջարկի պահպանմանը»,- ասաց Մարտին Գալստյանը:
ԿԲ նախագահը տեղեկացրեց նաև, որ Հայաստանի տնտեսությունը շարունակում է գնանկումային ազդեցությունների ենթարկվել արտաքին հատվածից:
«Տարեսկզբից Մերձավոր Արևելքում ստեղծված աշխարհաքաղաքական խնդիրները, ինչպես նաև միջազգային առևտրական հարաբերություններում աճող լարվածությունը որոշակի ռիսկեր են առաջացրել միջազգային ապրանքահումքային շուկաներում գների հետագա աճի և առաջարկի արժեշղթաների հնարավոր խաթարման տեսանկյունից: Այս համատեքստում հավանական է, որ գործընկեր երկրների կենտրոնական բանկերը, մասնավորապես՝ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը, ավելի երկար կպահպանեն դրամավարկային խիստ պայմանները: Արդյունքում՝ արտաքին հատվածից թույլ գնանկումային ազդեցությունները ՀՀ տնտեսությանը դեռևս պահպանվում են»,- հայտարարեց Մարտին Գալստյանը:
Բանախոսը հավելեց, որ 2024 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում պահպանվել է բարձր տնտեսական ակտիվությունը, որին մեծապես նպաստել է շինարարության, առևտրի և արդյունաբերության ճյուղերի զգալի աճը: Վերջինս, ըստ Մարտին Գալստյանի, շարունակում է կրել կարճաժամկետ որոշ գործոնների ազդեցությունը՝ պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի, կայունության, երկարաժամկետ հեռանկարների, ինչպես նաև ներքին պահանջարկի և սպառման հետագա միտումների վերաբերյալ:
«Ներքին ծառայությունների նկատմամբ արտաքին պահանջարկը 2023 թվականի համեմատությամբ դանդաղում է, իսկ հարկաբյուջետային քաղաքականության կողմից պահանջարկի լրացուցիչ խթանման ռիսկերը շարունակում են մնալ առարկայական: Միաժամանակ, աշխատաշուկայի պայմանները որոշակիորեն մեղմվում են՝ արտահայտելով աշխատավարձերի, կոշտ գներով բնութագրվող ծառայությունների գնաճի և գնաճային սպասումների որոշակի նվազմամբ»,- հայտնեց Մարտին Գալստյանը:
Նրա խոսքով՝ բարձր անորոշության պայմաններում, հաշվի առնելով գների կայունության նպատակին հասնելու իր հանձնառությունը, ՀՀ ԿԲ խորհուրդը քննարկումների ընթացքում դիտարկում է բազմաթիվ սցենարներ:
«Մի կողմից՝ խորհուրդը քննարկել է սցենարներ, որոնց հիմքում ընկած զարգացումները, այդ թվում՝ գործընկեր երկրներում ավելի երկար պահպանվող խիստ դրամավարկային պայմանները, ինչպես նաև երկրի ռիսկ-հավելավճարի և չեզոք տոկոսադրույքի հետ կապված անորոշությունները պահանջում են քաղաքականության՝ շուկայական սպասումների համեմատությամբ ավելի կոշտ արձագանք՝ գների կայունության նպատակի ապահովման ռիսկերը կառավարելու համար:
Մյուս կողմից՝ խորհուրդը քննարկել է սցենարներ, որտեղ հնարավոր տնտեսական զարգացումները, այդ թվում՝ տնտեսական աճի կառուցվածքային առանձնահատկությունների հետևանքով թույլ պահանջարկի միջավայրի ձևավորման ռիսկերը, կարող են հանգեցնել գնաճի՝ ցածր մակարդակում երկար պահպանմանը: Վերջինս ենթադրում է քաղաքականության տոկոսադրույքի՝ շուկայի սպասումների համեմատությամբ ավելի արագ և մեծ չափով նվազման ուղի՝ միջնաժամկետ հորիզոնում գնաճի նպատակային ցուցանիշի շուրջ կայունացնելու համար»,- նշեց Գալստյանը:
Նա հավելեց, որ Կենտրոնական բանկի խորհուրդը, հավասարակշռելով վերը նշված երկու ուղղությամբ ռիսկերը, որոշել է շարունակել դանդաղ տեմպերով աստիճանական թուլացումը: Խորհուրդը կշարունակի մշտադիտարկել տնտեսության զարգացման սցենարները և պատրաստ է ձեռնարկել համարժեք գործողություններ՝ միջնաժամկետ հորիզոնում գնաճի 4 տոկոս մակարդակի և գների կայունության նպատակի ապահովման համար:
comment.count (0)