tert.am: Երիցս պետք է արձանագրենք, որ չզեկուցվողի անվան տակ տարբեր խնդրահարույց նախագծերի անցկացման արատավոր պրակտիկան վարակի նման կառավարությունից եկել է Երևանի քաղաքապետարան։
Այս մասին Երևանի ավագանու նիստին ասաց «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։
Նրա խոսքով՝ նախորդ չզեկուցվող հարցերով տարբեր որոշման նախագծեր դարձան իրականություն։
«Արձանագրում ենք հետևյալը՝ այն նախագիծը, որը կարող է բերել դիվիդենտներ, զեկուցվող է, իսկ չզեկուցվող հարցերով՝ գործունեության նախնական համաձայնություն, շահաբաժին, նվիրատվություն, հանրային տրանսպորտ, բոլորը մեկ քվեարկությունով անցնում է, և երևանցին տեղյակ էլ չի լինում՝ ում ինչ արտոնություն տրվեց, ում ինչ շինթույլտվություն տրվեց։
Դեռևս ընդդիմադիր եղած ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր՝ ՀԱԹ-ը պետք է ազատել Ալեքսանյան Սամվելի տիրապետությունից, բայց կառավարության նիստով Ալեքսանյանի կնոջը տալիս են ներկրման արտոնություն, այստեղ չզեկուցվող հարցերով տալիս են հերթական շինթույլտվությունը, նախանցած նիստին նույնպես շինթույլտվություն տվեցին։
Փաստորեն նախկինների սրտի օլիգարխ Սամվել Ալեքսանյանը դարձել է այսօրվա իշխանության սրտի օլիգարխը։ Այդ նախկինների թեման, որ շատ արծարծվում է, ավելի քան 200 ապօրինի գույքով անցնող Գագիկ Խաչատրյանը ևս մեկ բարձրակարգ հյուրանոց է բացում Երևանում»,- ասաց նա։
Սուքիասյանը նշեց, որ թափանցիկությունը շատ լավ արտահայտվում է հանրային տրանսպորտի վերաբերյալ ևս։
««Երևան ավտոբուսի» վարորդների գործադուլի ժամանակ տրանսպորտի նախագծի հերթական անգամ հետաձգելը ևս մեկ անգամ ահազանգ է երևանցիների համար, և քաղաքային իշխանությունները պետք է շատ ավելի կոնկրետ իրենց ուշադրությունը սևեռեն դրա վրա, որովհետև շատ սև խոռոչներ կան այդտեղ։ Մենք համոզվել ենք, որ գործող սակագները հնարավոր է պահպանել։
Անգամ ավելին՝ «Մայր Հայաստանի» նախագծով շատ դեպքերում կարելի է ունենալ շատ ավելի մատչելի սակագին, որը սակայն մերժել եք օրակարգ ընդունել»,- ասաց նա։
comment.count (0)