Ժողովրդավարությունը մեզ համար հանգամանքների բերումով առաջացած իրողություն չէ, այլ ռազմավարություն․ Նիկոլ Փաշինյան
11:17 - 01 հուլիսի, 2024

Ժողովրդավարությունը մեզ համար հանգամանքների բերումով առաջացած իրողություն չէ, այլ ռազմավարություն․ Նիկոլ Փաշինյան

Ընթանում է ամենամյա «Ժողովրդավարության հայկական ֆորում» միջոցառումը, որին մասնակցում է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վերջինս իր ելույթում նշեց, որ այս ֆորումը պիտի արձանագրի մեր բոլորի հավաքական կամքը՝ ամրացնել ու զարգացնել ժողովրդավարությունը ՀՀ-ում, բայց սրա համար նաեւ պետք է արձանագրել, թե ինչ է տեղի ունեցել ժողովրդավարության այն օրակարգի հետ, որ ունեցել ենք յոթ տարի առաջ։ 
«Ընտրությունների կեղծիք արտահայտությունը, կարծում եմ, արդեն պատմական ժանրին է վերագրված ՀՀ-ում, դա շատ կարեւոր է։

Մեկ այլ մարտահրավեր, որ 7-8 տարի առաջ քննարկում էինք, հավաքների ազատության կամ որոշակի տեղերի հասանելիության սահմանափակում քաղաքական ուժերի կամ քաղաքացիական հասարակության համար, հիմա Հայաստանում մոռացել են, բայց ներկաներից շատերն են հիշում, որ տեղեր կային, ընդհուպ բացօթյա, որտեղ հանրահավաք կամ հավաք անելը էդքան էլ հեշտ չէր, եթե չասենք անհնարին, էլ չեմ ասում հյուրանոցային դահլիճներ վարձելը՝ քաղաքական միջոցառումներ իրականացնելու համար, կամ խոսքի եւ մամուլի ազատության բռնաճնշումներ, կարծում եմ՝ սա նույնպես մի թեմա է, որն անցյալում է ՀՀ-ում»,- ասաց Փաշինյանը։

Նա նաև հավելեց, որ ՏԻՄ մակարդակներում ընտրությունները բավարար չափով քաղաքականացված, քաղաքացիականացված եւ համայնքայնացված չեն․ «Այսինքն՝ ընտրությունների էն ընկալումը, որ ունենք համապետական մակարդակում, ՏԻՄ մակարդակում այնքան էլ արձանագրված չէ»։

«Մի բան հստակ է, որ արձանագրումը, որն արել եմ դեռ 2018-ին, շարունակում է մնալ անսասան՝ ժողովրդավարությունը մեզ համար հանգամանքների բերումով առաջացած իրողություն չէ, այլ ռազմավարություն, եւ կառավարությունն ու կառավարող մեծամասնությունը շարունակելու են այս ռազմավարական ուղեգիծը։ Մի բան հստակ է, Հայաստանում ժողովրդավարությունը լրջորեն արմատավորվում է, եւ միջազգային հանրությունը ՀՀ-ն ավելի ու ավելի շատ է ընկալում որպես գլոբալ ժողովրդավարության մաս»,- եզրափակեց ՀՀ վարչապետը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել