Ադրբեջանը դարձյալ բարձրացնում է ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը
 |hetq.am|
22:30 - 08 հուլիսի, 2024

Ադրբեջանը դարձյալ բարձրացնում է ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը |hetq.am|

hetq.am: Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը՝ դրանից բացառելով «Բաքվի նկատմամբ տարածքային հավակնությունները»։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը: Ադրբեջանական Trend գործակալության փոխանցմամբ՝ Բայրամովն ընդգծել է, որ այդ կետերի փոփոխությունն անհրաժեշտ է երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցման համար։

«Հայաստանի Սահմանադրության մեջ մնում են հարևան պետությունների նկատմամբ տարածքային պահանջներ»,- հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան։ 

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև նշել է, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ չլուծված հարցերի թիվը զգալիորեն նվազել է: Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ հունիսի վերջին Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել առաջարկությունների նոր փաթեթը:

Ավելի վաղ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ևս բարձրաձայնել էր ՀՀ Սահմանադրության փոփոխության պահանջը։ Նրա խոսքով՝ Ադրբեջանն ու Հայաստանը կարող են մի քանի ամսվա ընթացքում ավարտել խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ աշխատանքը։

«Խաղաղության պայմանագրի ստորագրման հիմնական պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է, քանի որ այն Ադրբեջանի դեմ տարածքային պահանջներ է պարունակում։ Եվ քանի դեռ այդ փոփոխությունը տեղի չի ունեցել, խաղաղության պայմանագիրը չի ստորագրվի»,- հայտարարել էր նա։

Ադրբեջանական կողմի հիմնական պահանջը կապված է ՀՀ Սահմանադրության նախաբանի մեջ, որտեղ հղում է արվում ՀՀ անկախության հռչակագրին։ «Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը և բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը»,- ասված է Սահմանադրության սկզբանամասում։

Ադրբեջանական կողմը պնդում է, որ ՀՀ անկախության հռչակագրում նշվում է Լեռնային Ղարաբաղի հետ ՀՀ վերամիավորման դրույթը, ինչը Բաքուն դիտարկում է որպես Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ, մինչդեռ հայկական իշխանությունները հայտարարել են, որ ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել