armenpress.am: Հայաստանի Հանրապետության տարածքից ոչ մի կտոր որևէ հարևան երկրի չի տրվել, նման հարց չի քննարկվել ու չի կարող քննարկվել։
Ազգային ժողովի արտահերթ նիստում այս մասին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ելույթին, որը Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանից պահանջեց հստակ ասել, թե ՀՀ տարածքից քանի՞ քառակուսի մետր կամ քառակուսի կիլոմետր է տրվել Ադրբեջանին։
«Կադաստրի կոմիտեի ղեկավարին փորձել ներքաշել արդեն հին դարձած այն խոսակցության մեջ, որ «իշխանությունն ամեն ինչ տվեց», ես համարում եմ անտեղի, պարոն Խաչատրյան։ Նախ, իմ կարծիքով, հասցեատերը նա չէ, և այն, ինչի մասին Դուք բարձրաձայնում եք, ավելի շատ քաղաքական հարց է, քան Կադաստրի պետական կոմիտեին վերաբերող հարց։ Իսկ այն, ինչ բարձրաձայնում եք, երևի թե, 1 միլիոն 347 անգամ դրա պատասխանը հնչել է`ՀՀ տարածքից ոչ մի կտոր որևէ հարևան երկրի չի տրվել, չի նախատեսվել տալ, նման հարց չի քննարկվել ու չի կարող քննարկվել։ Ձեր նշված տարածքում, բազմիցս դրա մասին խոսվել է, մեկ տուն, մեկ կրպակ, մեկ խորդանոց է եղել, որոնց սեփականատերերը փոխհատուցում են ստացել, Կառավարության հետ համաձայնության են եկել»,- ասաց Սիմոնյանը։
ԱԺ նախագահի խոսքով՝ այդ խոսույթը քաղաքական դաշտում տապալվել է։
«Կրկնում եմ, որ բնակչությունը փոխհատուցվել է։ Այն արդեն հին պատմություն է, և հույս ունենք, որ այն սկզբունքով, որով սահմանազատման և սահմանագծման գործընթացի մեջ ենք մտել, կկարողանանք հարևան պետության հետ վերջնականացնել և վերարտադրել սահմանը՝ ըստ Ալմա-Աթայի հռչակագրի»,-եզրափակեց Սիմոնյանը։
comment.count (0)