Թրամփն առաջադրվել է նախագահի թեկնածու և փոխնախագահի թեկնածու է առաջադրել Ջեյմս Վենսին |azatutyun.am|
09:25 - 16 հուլիսի, 2024

Թրամփն առաջադրվել է նախագահի թեկնածու և փոխնախագահի թեկնածու է առաջադրել Ջեյմս Վենսին |azatutyun.am|

azatutyun.am: Հանրապետականների ազգային համագումարը նախկին նախագահ Դոնալդ Թրամփին ի պաշտոնե առաջադրել է 2024 թվականի նոյեմբերի 5-ի ընտրություններում ԱՄՆ նախագահի թեկնածու: Թրամփն, իր հերթին, դրանից մեկ ժամ առաջ փոխնախագահի թեկնածու է առաջադրել Օհայո նահանգի սենատոր Ջեյմս Դեյվիդ Վենսին:

«Երկար քննարկումներից և մտորումներից հետո ես որոշեցի, որ ԱՄՆ փոխնախագահի պաշտոնը ստանձնելու լավագույն թեկնածուն Օհայոյի նահանգի սենատոր Ջեյմս Դեյվիդ Վենսն է»,- հայտարարել է Թրամփը:

39-ամյա Վենսը հայտնի է որպես Ուկրաինային ամերիկյան օգնություն տրամադրելու գաղափարի խիստ քննադատ:

The New York Times-ում վերջերս հրապարակված հոդվածում Վենսը գրել է, թե նույնիսկ ամենախիստ ու դաժան զորակոչն անցկացնելու դեպքում Ուկրաինան չի կարող հավաքագրել զինծառայողների պահանջված թիվը: Բացի այդ, ըստ Վենսի, Միացյալ Նահանգները չի կարող այնքան սպառազեն արտադրել, որքան անհրաժեշտ է Ուկրաինայի համար:

Վենսը մինչև 2022 թվականին սենատոր ընտրվելը որևէ պետական պաշտոն չի զբաղեցրել:

Նա ծառայել է ԱՄՆ զինված ուժերի ծովային հետևակում, տեղակայված է եղել այդ թվում՝ Իրաքում՝ պատերազմի ժամանակ:

Ծառայությունն ավարտելուց հետո Վենսը սովորել է Օհայոյի պետական համալսարանում և Յեյլի համալսարանի իրավաբանական բաժնում, որն ավարտելուց հետո աշխատել է որպես դաշնային դատավորի օգնական:

Ավելի ուշ նա Սիլիկոնյան հովտում միացել է ներդրումային մի ընկերության, ապա վերադարձել է Օհայո և մուտք է գործել քաղաքական ասպարեզ: Վենսն ամուսնացած է, ունի երեք զավակ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել