Ունենք նոր ԱԷԿ-ի կառուցման ռուսական առաջարկը եւ ամերիկյանը. մինչեւ տարեվերջ պետք է կողմնորոշվենք. «Հայատոմ»-ի տնօրեն
 |news.am|
14:52 - 01 օգոստոսի, 2024

Ունենք նոր ԱԷԿ-ի կառուցման ռուսական առաջարկը եւ ամերիկյանը. մինչեւ տարեվերջ պետք է կողմնորոշվենք. «Հայատոմ»-ի տնօրեն |news.am|

news.am: Ստեղծված աշխատանքային խումբը պետք է կողմնորոշվի և կառավարությանն առաջարկ ներկայացնի, թե ինքն ինչ է ուզում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Հայատոմ» ԳՀԻ ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վահրամ Պետրոսյանը՝ անդրադառնալով Հայաստանում նոր ատոմային բլոկ կառուցելու հեռանկարներին:

«Կան տարբեր տարբերակներ: Հիմա տարվում են աշխատանքներ, որպեսզի հիմ գործող հայկական ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացվի մինչև 2036 թվականը: Մեր ատոմակայանը բավականին բարվոք վիճակում է և իմ կարծիքով մենք ունենք ևս 5 տարի երկարացնելու հնարավորություն: Նման փորձ կա աշխարհում: Նույն ՌԴ-ում այդպիսի բլոկների կյանքի ժամկետը երկարացվել է 30 տարի: 2036-ին կարող ենք ևս 5 տարի երկարացնել, բայց միևնույն է՝ այդ ժամանակը սպառվելու է:

ՀՀ էներգետիկ անվտանգությունը մենք ապահովված կլինենք, երբ ունենանք նոր միջուկային էներգաբլոկ, քանի որ սա անկախ աղբյուր է. «Ատոմակայան ունենալով լուծվում է նաև էկոլոգիական խնդիր, քանի որ ջէկ-երը շատ թթվածին են օգտագործում և տարատեսակ գազեր արտանետում մթնոլորտ:

Մոտ 10 տարի է տևում, մինչև նոր ատոմակայան ես կառուցում: Դու պետք է հաշվարկես, թե որտեղ ես գտնվում, ինչ երկրներով է շրջապատված, ինչպիսի էլեկտրական լարեր ունես, ուր կարող ես տանել, ում կարող ես էլեկտրաէներգիա վաճառել: Սա շատ գլոբալ խնդիր է: Այսօր այդ ամենը հաշվի առած, մեզ անհրաժեշտ է մոտ 600 մեգավատտ հզորության ատոմային բլոկ: Դա միջին հզորություն է: Ցածր հզորությանը մինչև 300 մեգավատտն է, որը ընդունված է ասել մոդուլյար կայաններ:

Այսօր կան տարբեր երկրներից առաջարկներ՝ ՌԴ-ից, ԱՄՆ-ից, Կորեայից, Չինաստանից: Չինացիների հետ շատ բանակցություններ չեն վարվել: Ասում են՝ այնտեղ 600 մեգավատտ հզորության կայաններ կան, բայց դրանք կոնկրետ պահանջներ չեն դրել:

Կորեացիների հետ եղել են զրույցներ, որոնք ունեն 1400 մեգավատտ հզորության բլոկներ: Լավ բլոկներ են կառուցում, բայց այս դեպքում ևս ակտիվ բանակցություն չի գնացել»,- ընդգծեց նա:

Վահրամ Պետրոսյանի ներկայացմամբ, ակտիվ բանակցություններ եղել են ԱՄՆ-ի հետ և Ռուսաստանի հետ. «ՌԴ-ում կա 1000 մեգավատտ հզորության բլոկ և կա AP300 մեգավատտ հզորության կայան, որը այդ 1000-ի փոքր տեսակն է: Դա նման է մեր ատոմակայանին:

Նախանցած տարի մեծ գիտաժողով եղավ Ռումինիայում, ես մասնակցել եմ: Ամերիկացիները ռումինացիների հետ բարձր մակարդակի համաձայնագիր ստորագրեցին, որ եռացող տիպի կայան կառուցվի 2029-ին ԱՄՆ-ում, իսկ 2031-ին՝ Ռումինիայում: Դա տարբերվում է մեր ատոմակայանից: Մեր տիպի ատոմակայանն ավելի ներողամիտ է օպերատորի թույլ տված սխալների հանդեպ, իսկ եռացող տիպի ռեակտորներում՝ ոչ»:

Վահրամ Պետրոսյանը նկատեց, որ այս պահին մեր ուզած 600 մեգավատտ հզորության կայան ոչ ոք չի ռաջարկում, օրինակ ռուսական կողմն առաջարկում է 1200 մեգավատտ:

«Ռուսական կողմը փնտրտուքների մեջ է, որ կա այսպիսի տարբերակ, որ 1200 մեգավատը կառուցես, բայց էլեկտրաէներգիան կիսես, կեսը Հայաստանն օգտագործի, կեսը արտահանի կառուցողը: Ասի՝ 600 մեգավատտի տերը ես եմ, ես կարտահանեմ, դա շատ լավ տարբերակ է, իմ կարծիքով:

Հիմա եւ ռուսներն են առաջարկ ներկայացրել, եւ ամերիկցիները շուտով կտան իրենց առաջարկը: Նրանք տարբեր տարբերակներ են նայում՝ 1000 մեգավատտանոց, 300 մեգավատտանոց: Բայց ատոմակայաններ կառուցելու առումով ռուսները շատ ավելի ակտիվ են: Վերջին 20-25 տարիներին ամերիկացիները որեւէ տեղ ատոմակայան չեն կառուցել:

Հիմա մնում է ինչպես կողմնորոշվել եւ ինչ հրամցնել կառավարությանը: Տարբերակները մոտ են իրար»:

Փորձագետը նկատեց, որ եթե նոր ատոմակայանը կառուցվի գործող ատոմակայանի տարածքում եւ ռուսական տարբերակով, ապա այնտեղ կա ջրի խնդիր. «Կարելի է մոդուլյար 2 բլոկ կառուցել եւ խնդիրը կլուծվի:

Մենք հիմա սպասում ենք, որ վերջնական առաջարկները ստանանք, կարծում եմ՝ հոկտեմբեր-նոյեմբերին պետք է կարողանանք կողմնորոշվել: Այս պահին կանգնել որեւէ մեկ ուղղություն վրա, դժվար է»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել