Արամ Երիցյանը ծեծի չի ենթարկվել, նա չունի որևէ կոտրվածք․ ՆԳՆ պարզաբանումը
14:19 - 02 օգոստոսի, 2024

Արամ Երիցյանը ծեծի չի ենթարկվել, նա չունի որևէ կոտրվածք․ ՆԳՆ պարզաբանումը

ՀՀ Ներքին գործերի նախարարությունը պարզաբանում է տարածել փաստաբան Ռոման Երիցյանի ահազանգի վերաբերյալ, ըստ որի՝ Ոստիկանության ծառայողները բռնություն են գործադրել իր եղբոր՝ Արամ Երիցյանի նկատմամբ և նրան ձերբակալել ու տեղափոխել են Ոստիկանության Արաբկիրի բաժին: 

«Օգոստոսի 1-ին «Ֆեյսբուք» սոցհարթակում օգտատերերից մեկը հրապարակել էր «Ավտոմեքենան իբրև թե արգելված վայրում կայանելու պատրվակով մոտ 10 պարեկային ծառայողներ դաժանաբար ծեծի են ենթարկել եղբորս և տարբեր կոտրվածքներով տեղափոխել ոստիկանության բաժանմունք» վերտառությամբ տեսանյութ, որում նշում էր նաև, թե իբր եղբայրն ունի «ձեռքի, թաթի մատների կոտրվածքներ»։

Հրապարակումից հետո սոցցանցում որոշ օգտատերեր նշում էին նաև, թե «բռնությունը զուգորդվել է բազմաթիվ հայհոյանքներով ոչ միայն նշված տղամարդու հասցեին, այլ նաև բոլոր արցախցիների նկատմամբ»։

ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակված ծառայողական քննությամբ ուսումնասիրվել են ինչպես պարեկներին ամրակցված, այնպես էլ հարակից տարածքներում տեղադրված տեսահսկող սարքերի տեսագրությունները։ Պարզվել է, որ հիմնավոր կասկածանքով ձերբակալման և ոստիկանության Արաբկիրի բաժին տեղափոխելու ընթացքում նշված անձը ծեծի չի ենթարկվել, նա չունի որևէ կոտրվածք, ոչ նրա, ոչ ԼՂ բնակչության հասեցին չի հնչել վիրավորական որևէ արտահայտություն, ձերբակալումն էլ կատարել են ոչ թե պարեկային 10 ծառայողներ, ինչպես նշված է հրապարակման մեջ, այլ մեկ կարգախումբ՝ երկու պարեկով։

Ձերբակալման ընթացքում տղամարդը հասցրել է հարվածներ և դիմադրություն ցույց տվել պարեկներին։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Որոշ օգտատերերի կողմից հրապարակված ակնհայտ սուտ և իրականության հետ աղերս չունեցող տեղեկությունները, ենթադրաբար, նպատակ ունեն թիրախավորել Պարեկային ծառայությանը, մոլորեցնել հանրությանը, ստեղծել տպավորություն, թե իբր Ոստիկանությունը առանձնահատուկ բացասական վերաբերմունք ունի ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հանդեպ։

Կոչ ենք անում զերծ մնալ կեղծ և մանիպուլյացիոն տեղեկություններ տարածելուց, որոնք, որոշ դեպքերում, նպատակ են հետապնդում պառակտել հասարակությանը։

ՆԳՆ ոստիկանությունն իրականացնում է օրենքով իրեն վերապահված գործառույթները՝ առանց անձնավորման։ Հայաստանը իրավական երկիր է, որտեղ օրենքի առաջ հավասար են բոլորը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել