Ռուսական հարթակը միշտ ընդունելի է Հայաստանի հետ բանակցությունների համար․ Բայրամով
 |civilnet.am|
15:31 - 19 օգոստոսի, 2024

Ռուսական հարթակը միշտ ընդունելի է Հայաստանի հետ բանակցությունների համար․ Բայրամով |civilnet.am|

civilnet.am: Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ ընդունելի վայր է եղել Հայաստանի հետ բանակցությունների համար։

Ռուսական «Իզվեստիա» թերթի հետ հարցազրույցում Բայրամովն ասել է, թե Ադրբեջանը հավատարիմ է բանակցային գործընթացին․ «Ռուսական հարթակը մեզ համար միշտ ընդունելի է եղել։ Մենք պատրաստ ենք օգտագործել տվյալ հարթակը, բայց վերջին շրջանում հենց հայկական կողմը դրան համաձայնություն չի տվել»։

Բայրամովի խոսքով՝ Ադրբեջանի նպատակը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն է, բայց Երևանի «անհիմն պահանջները» պետք է վերացվեն «իրավաբանորեն հիմնավորված ձևով»։

«Ադրբեջանական կողմի դիրքորոշումն այն է, որ մենք նպատակ ունենք նորմալացնել հարաբերությունները Հայաստանի հետ, բայց բոլոր այն անհիմն պահանջները, դիրքորոշումները, որոնք տասնամյակներ Հայաստանի Հանրապետությունը հայտնել է, պետք է լիովին վերացվեն: Եվ դա պետք է տեղի ունենա ոչ թե հայտարարությունների և հռչակագրերի մակարդակում, այլ պետք է արտացոլվի իրավաբանորեն հիմնավորված ձևով»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը։

Ադրբեջանական կողմը խաղաղության պայմանգրի կնքման համար առաջ է քաշում Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցը, որում ըստ Բաքվի՝ տարածքային պահանջներ կան Ադրբեջանի նկատմամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել