Երեկ ստորագրված փաստաթուղթը կարեւոր է, որովհետեւ առաջին անգամ է, որ ՀՀ-ն եւ Ադրբեջանը հարաբերություններում իրավական բազա են ստեղծում, իհարկե, առանձին վերցրած սահմանազատման գործընթացում, բայց, կարծում եմ, այդ առումով թեմայի կարեւորությունը դժվար է գերագնհատել։
Այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 30-ին, ստորագրվել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը։ Ներկա պահին Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը սկսել են ներպետական ընթացակարգերի իրականացումը։
ՀՀ ԱԳՆ-ից հայտնել էին, որ կանոնակարգը հանրային կդառնա այս երկուշաբթի՝ սեպտեմբերի 2-ին։ Փաշինյանի խոսքով պատճառն այն է, որ կան որոշակի ընթացարակգեր՝ պահպանելու պրոցեսի լիարժեք լեգիտիմությունը։
ՀՀ վարչապետն ընդգծեց, որ կարեւոր է, որ հրապարակվելիք փաստաթուղթը վավերացման գործընթաց է անցնելու․ «Բովանդակությունն, ըստ էության, արդեն 2024թ․ ապրիլի 19-ի համատեղ հաղորդագրությամբ բացահայտվել է, ասվել է, որ Ալմա-Աթայի հռչակագիրը ֆիքսվելու է որպես սահմանազատման բազային սկզբունք, եւ եթե խոսքը աշխատանքային կանոնակարգի մասին է, աշխատանքային մանրամասներ են ձեւակերպվելու»
Փաշինյանը նկատեց, որ եթե խոսվում է խաղաղության օրակագի մասին, նման փաստաթղթերի պարագայում չպիտի հարցը դրվի, թե այս փաստաթղթի ստորագրմամբ Հայաստանը հաղթեց, Ադրբեջանը պարտվեց թե հակառակը, որովհետեւ, ըստ նրա, խաղաղության օրակարգի իրական եւ անկեղծ իրացումը նշանակում է, որ հաղթել-պարտվելու ռեժիմից դուրս ենք գալիս եւ փորձում հասնել համաձայնության ռեժիմի։
«Ինչ վերաբերում է Ալմա-Աթայի հռչակագրին, այն, ինչպես ապրիլի 19-ի հայտարարությունից գիտենք արդեն, դառնալու է սահմանազատման գործընթացի բազային սկզբունք, նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ըստ էության ԽՍՀՄ-ի եւ խորհրդային հանրապետությունների սահմաններով միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են, եւ սա իրադրության էական, եւ, կարծում եմ, դրական փոփոխություն է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա հայտարարեց, որ սահմանազատման գործընթաց իրականացնելու հերթականությունը որոշելու են սահմանազատման հանձնաժողովները, այս պահին որոշված չէ, որովհետեւ կանոնակարգը պիտի մտնի ուժի մեջ, հանձնաժողովներն աշխատեն, որոշումներ կայացնեն։
Ապա անդրադառնալով COP-29 գագաթնաժողովին մասնակցելու Ադրբեջանի հրավերին՝ Փաշինյանը նշեց, որ դրա վերաբերյալ պատշաճ ժամանակահատվածում կկայացնեն որոշումներ․ «էս պահին չունենք որոշում, եւ ընդհանուր իրադրությունը, պրոցեսները, մթնոլորտը էդ որոշման վրա չեն կարող չազդել։ Եթե հիմա տեսական խոսենք, տեսական որեւէ որոշում բացառել չի կարելի, նայած թե էդ արդեն իսկ ամենավերջին հնարավոր ժամկետում ինչ իրադրություն կլինի, եւ իրադրության գնահատմամբ կկայացնենք որոշում»։
comment.count (0)