armenpress.am: Հայաստանի և Ադրբդեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծում առանցքային կետերը համաձայնեցված են։ Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
«Այժմ գնդակն Ադրբեջանի դաշտում է, և Բաքուն պետք է պաշտոնապես արձագանքի Հայաստանի կողմից ուղարկված խաղաղության պայմանագրի 10-րդ խմբագրությանը։ Այն, ինչ ուղարկել է Հայաստանը, արդեն համաձայնեցված է, և այս պարագայում Ադրբեջանի կողմից պայմանագրի ստորագրումն արդեն քաղաքական կամքի հարց է»,- ասել է Խանդանյանը՝ արձագանքելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությանը, թե Հայաստանը խաղաղության պայմանագրի նախագծից հանել է որոշ կետեր։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է խաղաղության պայմանագրի նախագծում արդեն իսկ համաձայնեցված կետերով ստորագրել պայմանագիրը, իսկ այն հարցերի շուրջ, որոնց վերաբերյալ համաձայնություն չկա, քննարկումները շարունակել։ Վարչապետն ասել էր, որ խաղաղության պայմանագրի նախագիծը բաղկացած է 17 կետից, որոնցից 13-ը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են։
comment.count (0)