Անընդունելի է երրորդ ուժերի ներկայությունը և երրորդ ուժերի կողմից վերահսկողությունը․ Միրզոյանն անդրադարձել է հաղորդակցությունների անվտանգության ապահովմանը |armenpress.am|
15:11 - 09 սեպտեմբերի, 2024

Անընդունելի է երրորդ ուժերի ներկայությունը և երրորդ ուժերի կողմից վերահսկողությունը․ Միրզոյանն անդրադարձել է հաղորդակցությունների անվտանգության ապահովմանը |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանի Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման կոնտեքստում Հայաստանի տարածքում երրորդ ուժերի կողմից վերահսկողության իրականացումը բացառվում է։  

ՀՀ ԱԳ նախարարն այս մասին հայտարարեց Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ, արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Քսավյե Բետելի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցային ուղիների հնարավոր ապաշրջափակման շրջանակներում դրանց անվտանգության ապահովումը որևէ մասնավոր ընկերության տրամադրելու հավանականության վերաբերյալ հարցին։   

ՀՀ ԱԳ նախարարը զարմանք արտահայտեց, թե ինչպե՞ս է իրողությունը փոփոխությունների ենթարկվում՝ հիմնվելով տարբեր հոդվածների կամ էլ փորձագետների կարծիքների վրա և վերածվում մի տեղեկության, որն իրականության հետ որևէ կապ չունի։

«Որևէ բան, որը ենթադրում է միջանցքի ստեղծում, և դրա վերահսկողության հանձնում որևէ այլ կողմի, չի քննարկվում, և մենք ասել ենք, որ Հայաստանի համար երրորդ ուժերի ներկայությունը և երրորդ ուժերի կողմից վերահսկողությունը բացառվում է, մեզ համար դա անընդունելի է։ Մեր այս դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել», - ընդգծեց Միրզոյանը։ 

Նա նշեց, որ խոսքն իրականում այլ բանի մասին է․ 

«Որպեսզի մարդկանց մոտ անվտանգության զգացողությունը մի աստիճանով էլ ավելանա, մենք կարող ենք ներգրավել երկու երկրներում էլ արտոնագրված մի մասնավոր պահնորդական ընկերության, որը գնացքի մեջ կարող է ուղեկցել բեռները կամ ուղևորներին։ Խոսքը սրա մասին է, և դա քննարկվելիք տարբերակներից մեկն է միայն»,- պարզաբանեց նախարարը։

Նա հավելեց, որ ենթադրվելիք ապաշրջափակվող ենթակառուցվածքի, տվյալ դեպքում՝ երկաթուղու երկայնքով տեղակայվելիք ո′չ պետական երրորդ կողմի, ո′չ մասնավոր երրորդ կողմի ներկայությունը Հայաստանի համար ընդունելի չի եղել և հիմա էլ ընդունելի չէ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել