factor.am: Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել: Ղազախստանի նախագահականի փոխանցմամբ՝ Տոկաևը շնորհակալություն է հայտնել Իլհամ Ալիևին քոչվորների համաշխարհային V խաղերին մարզական պատվիրակություն ուղարկելու համար ու նշել երկկողմ առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար համագործակցության բարձր դինամիկան՝ ռազմավարական գործընկերության ոգով։
Տոկաևն ընդգծել է սեպտեմբերի վերջին Ղազախստանում ադրբեջանական մշակույթի օրերի անցկացման կարևորությունը երկու երկրների ժողովուրդների հետագա մերձեցման համար։ Բացի այդ, նա շնորհավորել է Ալիևին խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ, որոնց հետևել են նաև Ղազախստանի ներկայացուցիչները։
Տոկաևը նաև հաստատել է ղազախական կողմի պատրաստակամությունը՝ հետագայում էլ տրամադրել Ալմաթիի հարթակը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների համար։ Իր հերթին Ալիևը հայտարարել է Բաքվի մտադրության մասին՝ շարունակել ջանքեր գործադրել Աստանայի հետ երկկողմ հարաբերությունների ամբողջ սպեկտրով համագործակցության հետագա ամրապնդման համար։ Ադրբեջանական կողմը հեռախոսազրույցի վերաբերյալ դեռ տեղեկություններ չի հաղորդում։
comment.count (0)