Պետք է գործադրել ամեն ջանք, որպեսզի ԼՂ-ից տեղահանված մարդիկ ինտեգրվեն Հայաստանի Հանրապետության հասարակությանը. ԱԳ նախարար |armenpress.am|
16:58 - 02 հոկտեմբերի, 2024

Պետք է գործադրել ամեն ջանք, որպեսզի ԼՂ-ից տեղահանված մարդիկ ինտեգրվեն Հայաստանի Հանրապետության հասարակությանը. ԱԳ նախարար |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում ցանկացած Կառավարության համար մեծ մարտահրավեր է 2-3 օրվա ընթացքում 140 հազարից ավել փախստական ընդունելը: Եթե չկա հնարավորություն, որ ԼՂ-ից տեղահանված մարդիկ վերադառնան իրենց տները, ապա պետք է գործադրել ամեն ջանք, որպեսզի նրանք ինտեգրվեն Հայաստանի Հանրապետության հասարակությանը: 

Այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում «Համաշխարհային կարգ և ժողովրդավարություն. քարտեզ Հարավային Կովկասի համար» խորագրով բարձր մակարդակի քննարկման ժամանակ անդրադառնալով հարցին, թե ինչպես է Հայաստանը կարողացել ընդունել ԼՂ-ից տեղահանված մեծաթիվ մարդկանց հոսքին։

«Նախ փախստականների՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակչության ընդունման մասով, դա Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնակչությունն էր, ինչը մեծ մարտահրավեր էր մեզ համար: Իմ կարծիքով աշխարհում ցանկացած Կառավարության համար մեծ մարտահրավեր է 2-3 օրվա ընթացքում 140.000-ից ավել փախստական ընդունելը: Մենք արել ենք հնարավորը, որպեսզի ապահովենք նրանց առաջնային անհրաժեշտության կարիքները՝ ապաստան, սնունդ և առաջնային այլ կարիքներ։ Իհարկե, մենք դիմել ենք միջազգային հանրության օգնությանը և բարձր ենք գնահատում ցուցաբերված աջակցությունը։ 

Հիմա, ես կասեի, որ հաջորդ փուլի ժամանակն է, որ պետք է ինչ-որ կերպ բավարարել միջնաժամկետ և երկարաժամկետ կարիքները, և առաջին հերթին այստեղ ես խոսում եմ բնակարանային խնդրի մասին, բայց նաև զբաղվածության մասին, անհրաժեշտ է ավելի մեծ ջանքեր գործադրել: 

Մեր քաղաքականությունը հետևյալն է, որ եթե չկա հնարավորություն, որ այդ մարդիկ վերադառնան իրենց տները, ապա մեր քաղաքականությունն է ամեն ջանք գործադրել, որպեսզի նրանք ինտեգրվեն Հայաստանի Հանրապետության հասարակությանը, աշխատանք գտնեն, նոր տներ կառուցեն մեր երկրում ու մնան Հայաստանում»,- նշել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության նախարարը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել