news.am: ՀՀ ԱԳՆ շենքի մոտ Արցախի մի շարք ՀԿ ներկայացուցիչներ բողոքի ակցիա են կազմակերպել. Նրանք պահանջում են ՀՀ-ից տեղի չտալ միջազգային մանդատ ունեցող միակ կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման Ադրբեջանի պահանջին:
Արցախի ՀԿ ներկայացուցիչ Արթուր Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նամակ են փոխանցելու ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին և տեղեկացրեց, որ 2024թ.-ի սեպտեմբերի 22-ին Արցախի ավելի քան 60 կազմակերպություններ ԵԱՀԿ գործող նախագահ Յան Բորգին նույնաբովանդակ ուղերձ են հղել։
Նամակում արցախցիները հիշեցնում են Արցախի քաղաքացիների պաշտպանության հարցում ՀՀ-ի պարտավորությունների մասին, ինչն ամրագրված է ինչպես ազգային, այնպես էլ միջազգային իրավունքներում։
«Ադրբեջանը լկտիաբար ՀՀ-ից պահանջում է համատեղ դիմել՝ ԵԱՀԿ-ի լուծարման խնդրանքով։ ՀՀ-ի իշխանությունները չպետք է համաձայնվեն պաշտոնական Բաքվի այս և համանման պահանջներին, քանի որ ընդունումը ոչ միայն նվաստացուցիչ է, այլ նաև ՀՀ-ին զրկելու է Արցախի քաղաքացիների կենսական իրավունքների ու շահերի, ինչպես նաև ՀՀ-ի պետական շահերի պաշտպանության հարցում միջազգայնորեն ճանաչված ռազմավարական մեխանիզմից»,-ասաց նա։
Նամակում նշվում է, որ ԵԱՀԿ փաստաթղթերի համաձայն՝ ՀՀ-ն լիրաժեք իրավունք ունի մասնակցելու ԼՂ կարգավիճակի որոշման հարցին։
«Ավելին՝ ՀՀ-ն օժտվել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման որոշակի գործառույթներով։ Արցախի ապօրինի զավթման փաստը, էթնիկ զտումը և բնիկ հայ ժողովուրդի նկատմամբ ցեղասպանական գործողություներն ամենևին էլ չեն նշանակում, որ խաղաղության միազգային համաժողովում ԼՂ կարգավիճակի որոշման և Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցը փակված է»,-նշվում է նամակում։
Նրանք նաև իրենց մտահոգությունն են հայտնում ՀՀ-ի՝ Արցախի հարցում դիրքորոշումներից և նշում, որ ֆորմալ հրաժարումը հիմնազուրկ և վտանգավոր է։
comment.count (0)