Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 24-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին» օրենքը:
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը ՀՀ ԱԺ-ն վավերացրել էր հոկտեմբերի 23-ին։
Մինչ Ազգային ժողովի լիագումար նիստի քննարկումը նախ 2024թ. սեպտեմբերի 5-ին ՀՀ կառավարությունն է վավերացրել սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը։ Որոշման համաձայն՝ փաստաթուղթը ուղարկվել է Սահմանադրական դատարան՝ ՀՀ սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով։
ՀՀ սահմանադրական դատարանը սեպտեմբերի 24-ին քննարկել է կանոնակարգը և սեպտեմբերի 26-ի որոշմամբ հայտարարել, որ այն համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը։
Ընթացակարգի համաձայն՝ այնուհետև ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովն է քննարկել կանոնակարգը վավերացնելու նախագիծը. այն զեկուցել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որը ղեկավարում է հանձնաժողովի աշխատանքները Հայաստանի կողմից:
Կանոնակարգը երկու երկրների փոխվարչապետերի կողմից ստորագրվել է 2024թ. օգոստոսի 30-ին:
Ադրբեջանում կանոնակարգը դեռևս չի վավերացվել, գործընթաց էլ չի մեկնարկել: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել է, որ կանոնակարգը երկկողմանի ստորագրված է համարվում երկու երկրներում ընթացակարգերը ավարտելու վերաբերյալ ծանուցումների փոխանակումից հետո:
Սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը՝ այստեղ։
comment.count (0)