azatutyun.am: Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն իտալական Sky հեռուստաալիքին տված հարցազրույցում ընդգծել է, որ Վրաստանի կառավարությունը միանշանակ եվրոպամետ է։ Նրա խոսքով՝ երկրի Սահմանադրությունը որպես արտաքին քաղաքականության գերակայություն սահմանում է, որ յուրաքանչյուր կառավարություն պետք է աջակցի Վրաստանի եվրաինտեգրմանը։
«Այստեղ մեզ համար ընտրության հարց չկա, քանի որ Վրաստանի Սահմանադրությունը որպես երկրի արտաքին քաղաքականության գերակայություն սահմանում է, որ յուրաքանչյուր կառավարություն պետք է բոլոր ջանքերը գործադրի Վրաստանի եվրաինտեգրմանը նպաստելու համար։ Իշխանությունն ակնհայտորեն եվրոպամետ է»,- ասել է նա։
Անդրադառնալով երկրի արտաքին քաղաքական ուղղությունը փոխելու քննադատություններին՝ վարչապետը նշել է, որ դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում Թբիլիսին ու Մոսկվան ունեն հումանիտար բնույթի հարաբերություններ, ինչպես նաև առևտրատնտեսական ոլորտում։
«Մենք դիվանագիտական հարաբերություններ չունենք Ռուսաստանի Դաշնության հետ, քանի որ մեր տարածքի 20 տոկոսը օկուպացված է Ռուսաստանի Դաշնության կողմից»,- ընդգծել է Կոբախիձեն։
comment.count (0)