azatutyun.am Մետրոյում կուտակումները միասնական տոմսային համակարգի հետ որևէ կապ չունեն, նիստի ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նրա խոսքով՝ մետրոպոլիտենում շարժակազմերի հաճախականությունը կավելանա, նման կերպով պիկ ժամերին եղած կուտակումների խնդիրը կլուծվի։
Նոյեմբերի 1-ից քաղաքացիները Երևանի «Ման», «Ժոնգ տոնգ» ու «Գազելսիթի» մակնիշի ավտոբուս պիտի նստեն կա՛մ 100 դրամանոց, կա՛մ QR կոդով։ Քաղաքացիները բողոքում էին՝ 100 դրամանոց չի ճարվում, QR կոդ հատկապես տարեցները չունեն: Այդ օրը մետրոյի կայարաններում կուտակումներ էին։ Ընդդիմության պնդմամբ՝ շատ մարդիկ, իմանալով, որ նոյեմբերի 1-ից վերգետնյա տրանսպորտի հետ կապված փոփոխությունն ուժի մեջ է մտնում, որոշել էին գնալ մետրոյով։
Ինչ վերաբերում է ավտոբուսներից օգտվելու համար առաջացած խնդիրներին, Տիգրան Ավինյանը շեշտեց, թե հընթացս տրանսպորտի համար նոր վճարման մեթոդներ են առաջանալու։
Նրա խոսքով՝ բանկային քարտով վճարումների խնդիրը կլուծվի շուտով, և դա նույնպես հնարավորություն է լինելու այս անցումային շրջանում վճարումներ կատարելու։
«Բոլոր խնդիրներով հանդերձ այս համակարգը այն ուղղությունն է, որն այլընտրանք չունի»,- ասաց նա։
Ավտոբուսներում վճարային համակարգեր են տեղադրված՝ Telcell Wallet-ով կարելի է վճարել, սակայն հատկապես տարեցները դրանից գլուխ չեն հանում:
Այս շրջանը անցումն է միասնական տոմսային նոր համակարգին, որ սպասվում է հունվարի 1-ից։ Որոշված է՝ մշտական օգտագործման քարտերով, բանկային քարտերով ու բջջային հավելվածով մարդիկ կօգտվեն տրանսպորտից։ Մինչև այդ Երևանի քաղաքապետարանը հայտարարում է՝ կրճատում է ստվերը՝ քաղաքացիներին պարտադրելով 100 դրամը գցել ավտոբուսի սարքի մեջ և վարորդի հետ գումարային գործարքի մեջ չմտնել:
«Չի կարելի ստվերի դեմ պայքարում անհանգստացնել բոլոր քաղաքացիներին, ստեղծել խուճապ», - ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում ասել էր Երևանի ավագանու ընդդիմադիր «Ազգային առաջընթաց» խմբակցության քարտուղար Իզաբելլա Աբգարյանը:
comment.count (0)