ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավորը շեշտում է՝ Ադրբեջանը պարտավոր է անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին |armenpress.am|
15:35 - 12 նոյեմբերի, 2024

ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավորը շեշտում է՝ Ադրբեջանը պարտավոր է անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանը պարտավոր է անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն խախտումները պետության ու պետության ռազմաքաղաքական ղեկավարության համար առաջացնում են միջազգային պատասխանատվություն:  

Ազգային ժողովում «Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ» թեմայով քննարկմանն այս մասին շեշտեց քննարկումը նախաձեռնած պատգամավորների ներկայացուցիչ, խորհրդարանական «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը: 

Ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ Բաքվում մեկնարկած COP29 համաժողովին զուգահեռ, Ադրբեջանը շարունակում է սպառնալիքի լեզով խոսել Հայաստանի հետ:

Նա ընդգծեց՝ Ադրբեջանի կողմից ԼՂ-ի հայերի դեմ իրականացված հանցագործությունն էթնիկ զտման դասագրքային  օրինակ է, իսկ այն ամրագրված է Հայաստանի և  COP-29 մասնակից մի շարք պետությունների կողմից վավերացված Միջազգային քրեական դատարանի կանոնադրության մեջ՝ որպես մարդկության դեմ ուղղված հանցագործության տարր: «Ադրբեջանական ցեղասպան քաղաքականության հետևանքով այս պահին Ադրբեջանի պաշտոնական տեղեկություններով և հաստատմամբ Բաքվի բանտերում են գտնվում 23 հայեր, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարները: Ուզում եմ Ադրբեջանի ղեկավարությանը հիշեցնել, որ, ելնելով միջազգային իրավունքի և մարդու իրավունքների հիմնարար դրույթներից, Ադրբեջանը պարտավոր է անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և գերիներին: Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն խախտումներն ինչպես պետության, այնպես էլ պետության ռազմաքաղաքական ղեկավարության համար անվերապահորեն առաջացնում են միջազգային պատասխանատվություն՝ առանց վաղեմության ժամկետի»,-ասաց Աբրահամյանը:

Նա շեշտեց՝ միջազգային պրակտիկան նաև սահմանում է, որ երկրների միջև խաղաղության պայմանագրի կնքումը ենթադրում է, որ տեղի է ունեցել գերիների, ռազմագերիների վերադարձ, ավելին՝ դա համարվում է խաղաղության հասնելու առաջին քայլը:  

Պատգամավորը հիշեցրեց, որ այս ընթացքում բազմաթիվ երկրների խորհրդարանականներ բարձրացրել են իրենց ձայնը՝ ի պաշտպանություն Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների և ռազմագերիների: Եվրոպական խորհրդարանը նույնիսկ առանձին ձևակերպումներով բանաձև է ընդունել: 

Աբրահամյանը կարևորեց COP-29-ի օրերին նման քննարկման անցկացումը Հայաստանի խորհրդարանում: Նա շեշտեց՝ խորհրդարանը պետք է միջազգային դերակատարների ուշադրությունը կենտրոնացնի գերիների, ռազմագերիների շուտափույթ ազատ արձակման ուղղությամբ: «COP29-ի շրջանակում Ադրբեջանի նկատմամբ ուղղակի և անուղղակի ճնշումների գործադրումն առավել արդյունավետ է: Եվ, եթե պետությունն ակտիվ չգործի, այդ թվում՝ խորհրդարանական մակարդակում, հետո ավելի բարդ է լինելու»,–նշեց նա:

Հրատապ քննարկումը նախաձեռնել են ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները:  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել