azatutyun.am: Սենատոր Մարկո Ռուբիոն հաստատել է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում իրեն նշանակելու տեղեկությունը։
X-ի իր էջում նա, մասնավորապես, գրել է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը ղեկավարելը հսկայական պատասխանատվություն է և որ իր համար պատիվ է Թրամփի այդ վստահությունը՝ շեշտելով՝ «աշխատելու է նախագահի արտաքին քաղաքական օրակարգն իրականացնելու ուղղությամբ»։
«Նախագահ Թրամփի ղեկավարությամբ մենք խաղաղություն կապահովենք՝ վեր դասելով Ամերիկայի և ամերիկացիների շահերը», - գրել է Ռուբիոն՝ նշելով, որ անհամբեր սպասում է ԱՄՆ Սենատի իր գործընկերների աջակցությանը, «որպեսզի նախագահն ունենա իր ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության թիմը, երբ նա ստանձնի պաշտոնը հունվարի 20-ին»:
Օրերս ամերիկյան լրատվամիջոցները՝ հղում անելով Թրամփին մոտ կանգնած աղբյուրներին, հայտնել էին, որ ԱՄՆ նորընտիր նախագահը մտադիր է Ֆլորիդայից ընտրված 53-ամյա սենատոր Ռուբիոյին առաջադրել ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում։
Ֆլորիդայից ընտրված 53-ամյա սենատորը ծնվել է կուբացի ներգաղթյալների ընտանիքում և անցել է ամերիկյան քաղաքական համակարգի գրեթե բոլոր աստիճաններով՝ սկզբում քաղաքային խորհրդի, ապա նահանգային ներկայացուցիչների պալատի անդամ, Ֆլորիդայի օրենսդիր մարմնի խոսնակ և ի վերջո՝ ԱՄՆ սենատոր։ 2024 թվականի ընտրարշավի ընթացքում Ռուբիոն իր միանշանակ աջակցությունը հայտնեց Թրամփին՝ մասնակցելով նրա նախընտրական հանրահավաքներից մի քանիսին և լրջորեն նպաստելով հատկապես Ֆլորիդայում հանրապետական թեկնածուի տարած համոզիչ հաղթանակին։
Սենատորը նաև հայտնի է Չինաստանի, Իրանի և բռնապետական այլ վարչակազմերի կոշտ քննադատությամբ։ Նա տարիներ շարունակ հորդորում է խստացնել պատժամիջոցները Թեհրանի դեմ։
2023 թվականի աշնանը՝ Արցախի հայաթափումից հետո, Ռուբիոն միացել էր «Հայաստանի պաշտպանության ակտ» կոչվող փաստաթղթին, որը կոչ էր անում Սպիտակ տանը դադարեցնել ռազմական օգնության տրամադրումն Ադրբեջանին։ Այդ օրերին Ռուբիոն Х-ի իր օգտահաշվում գրել էր. - «Ամերիկացի հարկատուների գումարները չպետք է ուղղվեն դեպի Ադրբեջան, մի երկիր, որն ապակայունացնում է տարածաշրջանը»։
comment.count (0)