hetq.am: 100 տարեկանում մահացել է ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարթերը։ Այդ մասին հայտնում է The Washington Post-ը՝ հղում անելով Քարթերի որդուն՝ Ջեյմսին։ Ավելի ուշ, տեղեկությունը հաստատել է նաև Քարթեր կենտրոնը։
Ջիմի Քարթերը ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվել էր 1976 թվականին Դեմոկրատական կուսակցությունից։ Մինչ այդ նա եղել է Ջորջիայի նահանգապետ (1971-1975 թվականներ) և տեղի Սենատի անդամ (1963-1967 թվականներ):
Քարթերը 1980 թվականի ընտրություններում պարտվեց հանրապետական Ռոնալդ Ռեյգանին և դրանից հետո հիմնեց Քարթեր կենտրոնը, որը զբաղվում է իրավապաշտպան և բարեգործական գործունեությամբ։
2002 թվականին նախկին նախագահն արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ «ամբողջ աշխարհում հակամարտությունների խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերի և մարդու իրավունքների համար պայքարի համար»։
2015 թվականին Ջիմի Քարթերի մոտ ախտորոշվել էր ուռուցքային հիվանդություն։ 2023 թվականին նա հրաժարվեց հետագա բուժումից և որոշեց իր կյանքի մնացած մասն անցկացնել իր տանը՝ Ջորջիա նահանգի Փլեյնս քաղաքում։
2019 թվականին Քարթերը դարձավ ԱՄՆ պատմության մեջ ամենաերկարակյաց նախագահը։ Նա ավելի երկար ապրեց, քան իրեն հաջորդած երկու նախագահները՝ Ռոնալդ Ռեյգանը և Ջորջ Բուշ ավագը, ինչպես նաև իր նախագահության օրոք փոխնախագահի պաշտոնն զբաղեցրած Ուոլթեր Մոնդեյլը, որը մահացավ 2021 թվականի ապրիլին: 2024 թվականի հոկտեմբերի 1-ին Քարթերը դարձավ 100 տարեկան։
comment.count (0)