factor.am: Ռուսաստանի փոխգործակցությունը Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ Կասպից ծովի տարածաշրջանում, որն ունի շահավետ դիրք, Արևմուտքի դժգոհությունն ու հակազդեցությունն է առաջացնում, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական, ծովային կոլեգիայի նախագահ Նիկոլայ Պատրուշևը Աստրախանի շրջանի նավաշինական համալիրի զարգացմանը նվիրված հանդիպմանը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Կասպից ծովը եզակի է, որն ունի ոչ միայն նավթի և գազի պաշարներ, լավ տարանցիկ ներուժ, այլ նաև շահավետ ռազմավարական դիրք, որը թույլ է տալիս անվտանգություն ապահովել Կենտրոնական Ասիայում, Կովկասում և Մերձավոր Արևելքում։ Ռուսաստանի, Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի երկրների փոխգործակցության ընդլայնումը և տարածաշրջանային խնդիրների լուծման մերձկասպյան երկրների կուրսն առաջացնում է հավաքական Արևմուտքի դժգոհությունը»,- ասել է Պատրուշևը։
Նա նշել է, թե Միացյալ Նահանգներն ու ԵՄ-ն «փորձում են լարել հարաբերություններն այդ պետությունների միջև և նվազեցնել նրանց քաղաքական և առևտրային կապերի մակարդակը»։
«Այս պայմաններում Կասպից ծովի զարգացման հարցերը պետք է համակողմանիորեն լուծվեն»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ հենց ՌԴ-ի ռազմական ներկայությունը Կասպից ծովում թույլ է տալիս «զսպել որոշ առափնյա պետությունների փորձերը՝ բացել իրենց ջրերը երրորդ երկրների, հիմնականում՝ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի անդամ պետությունների համար»։
comment.count (0)