armenpress.am: ԱՄՆ զինված ուժերն ակտիվացրել են Ռուսաստանի հետ կապուղիները՝ հաշվի առնելով Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Պենտագոնի խոսնակ Պատրիկ Ռայդերը։
«Համատեղ միացյալ օպերատիվ խմբի հրամանատարն օգտագործել է Ռուսաստանի հետ մեր ունեցած թեժ գիծը՝ կապի գծերը բաց պահելու համար՝ հաշվի առնելով այն փաստը, որ Սիրիայում մեր ուժերը գործում են աշխարհագրորեն բավական մոտ հեռավորության վրա», - ասել է նա։
Ռայդերը նշել է, որ պատրաստ չէ մանրամասներ հայտնել շփումներից, սակայն ընդգծել է, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը «կապի մեխանիզմ ունեն՝ կանխելու հնարավոր սխալ հաշվարկները»։
«Մենք կշարունակենք շփվել տարածաշրջանում երկրների հետ, մինչ շարունակում ենք հետևել իրավիճակի զարգացմանը», - հավելել է ԱՄՆ պաշտպանության նախարարության խոսնակը:
Անցյալ շաբաթ Սիրիայում հակակառավարական ուժերը հարձակում են սկսել Իդլիբի և Հալեպի նահանգներում։ Նրանց հաջողվել է արագ վերահսկողության տակ առնել մի շարք բնակավայրեր, ինչպես նաև Հալեպը։ Հալեպի գրավումը Սիրիայի հակակառավարական ուժերի ամենամեծ հաջողությունն է վերջին տարիների ընթաքում։ 2016 թվականից ի վեր Սիրիայի կառավարությունը լիակատար վերահսկողության տակ էր վերցրել քաղաքը։
Reuters-ի աղբյուրները հայտնել են, որ Իրանի աջակցությունը վայելող հարյուրավոր իրաքցի մարտիկներ անցել են Սիրիա, որպեսզի կառավարական ուժերին օգնեն գրոհայինների դեմ պայքարում։
comment.count (0)